Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԳԴՀ Սաքսոնիա երկրամասի վարչապետ Միխայել Կրեչմերը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԳԴՀ Սաքսոնիա երկրամասի վարչապետ Միխայել Կրեչմերը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ-ից, Ալեն Սիմոնյանը նշել է, որ Գերմանիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը կարեւոր է Հայաստանի համար:
«Որպես օրինակ ունենալով Հայաստանի եւ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի միջեւ ձեւավորված հարաբերությունները՝ ուրախությամբ ենք նշում, որ Գերմանիայի տարբեր երկրամասերի հետ համագործակցության խթանումն ու զարգացումն արդեն բարի ավանդույթ է դարձել»,- նշել է նա:
Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը մշտապես բարելավում է ներդրումային միջավայրը, հատուկ պայմաններ ստեղծում հեռանկարային նախագծերի համար: ԱԺ խոսնակը, շեշտելով, որ Գերմանիան աշխարհում տեխնոլոգիական առաջատարներից մեկն է, հրավիրել է վարչապետին գործարարների պատվիրակությամբ այցելելու Հայաստան: Հանդիպմանը քննարկվել են մի շարք ուղղություններով համագործակցության հեռանկարները:
Կողմերը քննարկել են տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր: Ալեն Սիմոնյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի եւ հայաբնակ Լեռնային Ղարաբաղի առջեւ ծառացած անվտանգային խնդիրների մասին:
«Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սպառնալիքները, հայ ռազմագերիների իրողությունը, Լաչինի միջանցքի փակման հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամը, Ադրբեջանի դեմ Արդարադատության դատարանի որոշման շրջանցումը հարցականի տակ են դնում ժողովրդավար պետության ապագան այս աշխարհում»,- ասել է ԱԺ նախագահը՝ հավելելով, որ գերմանացի գործընկերներից ակնկալում է աջակցություն Հայաստանին՝ ապացուցելու, որ ժողովրդավար պետությունը պաշտպանված է:
Կարծիքներ