Ձերբակալվել է խուլիգանության կասկածանքով․ ոստիկանությունը պարզաբանել է Գյումրիում Կարապետ Պողոսյանին առևանգելու լուրերը
ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է Գյումրիում իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին առևանգելու մասին լուրերը։
Ըստ ոստիկանության, Գյումրու Վարդանանց հրապարակում ծառայություն իրականացրած պարեկները նկատել են, որ «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տրանսպորտային միջոցը կայանել է հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտային միջոցների համար նախատեսված և համապատասխան գծանշումով վայրում:
Խախտումը արձանագրելու համար պարեկները վարորդից պահանջել են համապատասխան փաստատթղթեր: Նա հրաժարվել է կատարել պարեկների օրինական պահանջը և հասարակական վայրում դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ, որն արտահայտվել է հայհոյանքներ հնչեցնելով, ոստիկանության ծառայողների այլ օրինական պահանջներին չենթարկվելով, նրանց դիմադրելով:
Պարեկները տղամարդուն խուլիգանության կասկածանքով ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Կումայրիի բաժին:
Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական մարմնին: Հանգամանքները պարզվում են:
Կարծիքներ