Լավրովը կոչ է արել զերծ մնալ Կիպրոսում իրավիճակի ապակայունացմամբ հղի ցանկացած քայլից
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել զերծ մնալ Կիպրոսում իրավիճակի ապակայունացմամբ հղի ցանկացած քայլից:
Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Քրիստոդուլիդիսի հետ զրույցում Լավրովն ընդգծել է հավատարմությունը ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերի խստորեն իրականացմանը, որոնք նախատեսում են Կիպրոսում երկգոտի երկհամայնքային ֆեդերացիայի ստեղծում՝ կիպրոսցի հույների եւ կիպրոսցի թուրքերի համայնքների միջեւ ուղղակի բանակցությունների միջոցով: Նշվել է իրավիճակի ապակայունացմամբ հղի եւ հայտնի միջազգային իրավական շրջանակներում Կիպրոսի խնդրի լուծում գտնելու լրացուցիչ խոչընդոտներ ստեղծելու քայլերից զերծ մնալու անհրաժեշտությունը:
Ռուսաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, Կիպրոսի նախարարը մտահոգություն է հայտնել Ֆամագուստա քաղաքի Վարոշա փակ շրջանի շուրջ իրավիճակի կտրուկ բարդացման եւ Կիպրոսի կարգավորման հեռանկարների համար դրա հետեւանքների կապակցությամբ:
Վարոշա զբոսաշրջային հանգստավայրը հանրության համար փակ է 1974 թվականից՝ թուրքական զորքերի կողմից Կիպրոսի մի հատվածի գրավումից եւ կղզու մասնատումից հետո: Վարոշան պաշտպանված է ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1984 թ. բանաձեւով։
Կարծիքներ