Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում` Եվրոպական խորհրդում, մասնակցել է Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովին:
Ինչպես տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից, միջոցառմանը մասնակցել են ԱԼԳ մասնակից պետությունների` Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ադրբեջանի առաջնորդները, ինչպես նաև՝ Եվրոպական միության անդամ երկրների ղեկավարները:
Մինչ լիագումար նիստի մեկնարկը տեղի է ունեցել ԱԼԳ մասնակից երկրների առաջնորդների տեսալուսանկարահանման արարողությունը` Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Եվրոպական միության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԵՄ-ում նախագահող Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշայի հետ:
Լիագումար նիստի սկզբում ողջույնի խոսքով գագաթնաժողովի մասնակիցներին դիմել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, այնուհետև ելույթներով են հանդես եկել ԱԼԳ մասնակից երկրների, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների ղեկավարները:
Վարչապետ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է Արևելյան գործընկերության շրջանակում Եվրոպական միության հետ համագործակցությանը, մեր երկրում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին և ժողովրդավարության ամրապնդման քայլերին, փոքր և միջին բիզնեսի, ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին:
ԱԼԳ 6-րդ գագաթնաժողովը կենտրոնանում է առանցքային հինգ ոլորտների՝ տնտեսության, կառավարման, շրջակա միջավայրի, թվայնացման և հասարակությունների ուղղությամբ աջակցության վրա։
Կարծիքներ