Առողջապահության նախարարը կարևորել է ԵԽ-ի գործընկերությունն ու աջակցությունը
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին, Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆին, Եվրոպայի խորհրդի լայնածավալ մարտահրավերների և բազմակողմանի նախագծերի բաժնի պետ Տիգրան Կարապետյանին, «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանին: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։
Ողջունելով հյուրերին` Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերը, հույս հայտնել, որ COVID-19-ի դեմ պատվաստումների շնորհիվ հնարավոր կլինի մոտ ապագայում վերադառնալ բնականոն կյանքին: Նախարարն առանձնացրել է մի քանի ուղղություն` հոգեկան առողջություն, մարդուն oրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստում, էլեկտրոնային առողջապահություն, առողջության համապարփակ ապահովագրություն, որոնց շուրջ ցանկալի է կառուղոցական-խորհրդատվական քննարկումներ կազմակերպել:
Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ ոլորտի պատասխանատուն ընդգծել է, որ կառավարության ծրագրով առաջիկա տարիներին առողջապահական համակարգի բարեփոխումներն առաջնահերթություններից են և կարևորել այդ գործընթացում ԵԽ-ի գործընկերությունն ու աջակցությունը:
Միաժամանակ, Անահիտ Ավանեսյանը խոսել է COVID-19-ով պայամավորված իրավիճակից և դրա կանխարգելմանն ուղղված սահմանափակումներից` ևս մեկ անգամ ընդգծելով, որ, չնայած դժվարություններին, արվում է առավելագույնը, մի կողմից հասարակության համար անվտանգ միջավայր ստեղծելու, մյուս կողմից՝ մարդու իրավունքների անքակտելիությունն ապահովելու նպատակով:
ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտն իր հերթին վերահաստատել է ՀՀ առողջապահության նախարարությանն աջակցելու Եվրախորհրդի հանձնառությունը և գոհունակություն հայտնել Անահիտ Ավանեսյանին նախորդ տարիների համատեղ ձեռքբերումների համար:
Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին՝ բաց և կառուցողական երկխոսությամբ Հայաստանին օժանդակելու պատրաստակամության համար:
Հանդիպման վերջում մասնակիցները համոզմունք են հայտնել, որ երկկողմ համագործակցության ծրագրերը կլինեն շարունակական:
Կարծիքներ