Ճապոնիան ամուր կանգնած է Հայաստանի կողքին և իսկապես ցանկանում է լինել գործընկեր․ դեսպան Յուտակա Աոկի
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը հանդիսավորությամբ նշեց այդ երկրի ազգային տոնը՝ Նորին Մեծություն Ճապոնիայի կայսեր ծննդյան 64-րդ ամյակը։
Ողջույնի խոսքում ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Յուտակա Աոկին ասաց որ Ճապոնիան և Հայաստանն ունեն շատ ընդհանրություններ՝ հարուստ պատմությունից մինչև գեղեցիկ բնությունը, մշակույթն ու ավանդույթները։ Դեսպանն առանձնահատուկ նշեց, որ Հայաստան գալուց առաջ իր հայրենիքում վայելում էր Ֆուձիյամա լեռան տեսարանը, իսկ երբ ինքնաթիռով ժամանեց Երևան, պատուհանից տեսավ Արարատ լեռը, որը, դեսպանի խոսքով, հայերի համար խորհրդանիշ է, ինչպես Ֆուձիյաման ճապոնացիների համար։
«Ճապոնիան և Հայաստանը գործընկերներ են, որոնք կիսում են ժողովրդավարության, օրենքի գերակայության և Մարդու իրավունքների հիմնարար արժեքները։ Մենք կարող ենք միասին աշխատել՝ պահպանելու և ամրապնդելու ազատ և բաց միջազգային աշխարհակարգը՝ հիմնված օրենքի գերակայության վրա։ Ճապոնիայի կառավարությունն ամուր կանգնած է Հայաստանի կողքին և կշարունակի աջակցել երկխոսության միջոցով այս տարածաշրջանի հետ կապված խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելուն միտված Հայաստանի ջանքերին»,- ասաց դեսպան Աոկին։
Նա հիշեցրեց, որ անցյալ տարի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին օգնելու համար Ճապոնիան սերտորեն համագործակցում է Հայաստանի ու միջազգային կազմակերպությունների հետ և արդեն 2 միլիոն դոլար է տրամադրել ԿԽՄԿ-ի և ՄԱԿ-ի միջոցով ՝ որպես անհետաձգելի օգնություն։
«Մեզ համար կարևոր օրակարգն այժմ տեղական համայնքներում տեղահանված մարդկանց ինտեգրումն է։ Ճապոնիան շուտով Հայաստանին մոտ 3 միլիոն դոլար կտրամադրի ՄԱԶԾ-ի սոցիալական ինտեգրման ծրագրի շրջանակում։ Ինչպես ասացվածքն է ասում՝ իսկական ընկերը երևում է նեղության մեջ։ Ճապոնիան իսկապես ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը։ Որպես երկկողմ հարաբերությունների հիմքերն ամրապնդելու առաջին քայլ՝ կարևորում ենք փոխըմբռնման խթանումը։ Ճապոնիան և Հայաստանը շարունակում են համագործակցել մշակույթի, կրթության և մարդկանց միջև շփումների ոլորտում, որպեսզի մեր երկու ժողովուրդները կարողանան ավելի մոտիկից զգալ միմյանց։ Այս համատեքստում շատ կարևոր է հաջորդ տարի հայկական կողմի մասնակցությունը «Օսակա Էքսպո»-ին, ինչը հիանալի հնարավորություն է ժամանակակից ու բազմազան Հայաստանի հմայքը ներկայացնելու Ճապոնիային ու ամբողջ աշխարհին։ Եկեք լինենք միասնական և միասին աշխատենք համատեղ ապագայի համար»,- ասաց Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը։
Կարծիքներ