Արցախի առողջապահական համակարգը գույքագրում է նյութատեխնիկական միջոցները, որոշում կարիքները. մանրամասնում է նախարարը
Պատերազմի ընթացքում Արցախի առողջապահական համակարգը գերազանցապես է կատարել իր առջև դրված խնդիրները՝ Հայաստանից ու սփյուռքից ներգրավված մասնագետների աջակցությամբ դիմանալով բոլոր արտակարգ վիճակներում: Այս մասին ասաց Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:
«Այդուհանդերձ պատերազմից հետո կանխատեսված հետևանքներն արդեն նկատելի են: Պարզ է, որ ունենք և մասնագետների, և բուժսարքավորումների պակաս, հատկապես լուրջ ուշադրության և համալրման կարիք ունեն Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանային բուժմիավորումները: Այս պահին մեր կողմից միջոցներ են ձեռնարկվում Հադրութի, Շուշիի, Քաշաթաղի և Շահումյանի շրջանային բուժմիավորումների՝ փաստացի աշխատանքից զրկված աշխատակիցներին մնացյալ բուժհիմնարկներում աշխատանքի տեղավորելու ուղղությամբ՝ այդ կերպ փորձ անելով որոշակիորեն նվազեցնել կադրային պակասը: Տարբեր հիմնադրամների հետ համագործակցությամբ և պետական բյուջեի միջոցների հաշվին ցանկանում ենք լրացնել նաև բուժսարքավորումների պակասը»,-նշեց նախարարը:
Նրա խոսքով՝ Արցախում գործում է բավարար չափով բուժսպասարկման հնարավորություն ունեցող 6 բժշկական հաստատություն, որից 3-ը Ստեփանակերտում, իսկ մեկական՝ Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում:
«Պատերազմի ընթացքում Արցախի բուժհիմնարկներում հիմնականում ցուցաբերվել է առաջնային բուժօգնություն և բժշկական միջամտությունն ուղղված էր վիրավորի կյանքին սպառնացող վտանգը վերացնելուն, որից հետո բոլորն ուղարկվել են երևանյան բուժհիմնարկներ և հետագա բուժումը շարունակվել է այնտեղ: Այդ առումով մեր բուժհաստատությունները պատերազմի հետևանքով վիրավորված հիվանդներով ծանրաբեռնված չէ, սակայն առաջիկայում քրտնաջան աշխատանք է ծրագրվում վիրավորների վերականգնումը կազմակերպելու համար»,-ասաց գերատեսչության ղեկավարը:
Անդրադառնալով Արցախի առողջապահական համակարգի առջև ծառացած խնդիրներին Հայրիյանը նշեց, որ ներկայումս իրականացվում է ունեցած նյութատեխնիկական միջոցների գույքագրում, որի հիմա վրա պետք է որոշվեն արդիականացում պահանջող բուժսարքավորումները, ինչպես նաև՝ պահանջարկի տեսականին ու քանակը՝ անհրաժեշտ, լիարժեք բուժսպասարկում ապահովելու համար: Ըստ նախարարի՝ դեղորայքի խնդիր թեև առկա է, սակայն այն նախատեսում են լուծել բարեգործական հիմնադրամների հնարավորությունների և պետական միջոցների ներգրավմամբ:
Խոսելով Արցախում անվճար բուժօգնության համակարգի ներդրման մանրամասների վերաբերյալ Միքայել Հայրիյանը նշեց, որ անվճար բուժօգնության գաղափարի մասին հայտարարվել էր նախքան պատերազմը, սակայն Արցախում ծավալված գործողությունները բնականաբար զրկեցին առողջապահության նախարարությանը անվճար բուժօգնության կազմակերպման իրավական հիմքը կազմող փաստաթղթերը մշակելու և կյանքի կոչելու հնարավորությունից:
«Այդ է պատճառը, որ իրավական մասը ստիպված ենք կատարելու 2021թ. առաջին եռամսյակում, սակայն դա չի նշանակում, որ մենք հրաժարվել ենք այդ գաղափարից: Անվճար բուժօգնության համար անհրաժեշտ բոլոր միջոցառումներն արդեն ներառվել են ԱՀ 2021թ. բյուջեի նախագծում և Արցախի խորհրդարանի կողմից հավանության արժանանալուց հետո կիրառության մեջ են մտնելու: Իսկ առայժմ մենք ինտենսիվ աշխատանք ենք տանում իրավական հիմքերը ձևավորելու ուղղությամբ»,-ասաց մեր զրուցակիցը:
Արցախի առողջապահության նորանշանակ նախարարի ծրագրերն ու անելիքները բազմաթիվ են ու բազմատեսակ, սակայն ամենակարևորն ու ամենապահանջվածը Ստեփանակերտի ու շրջանների բուժհաստատությունները մասնագետներով ու բուժսարքավորումներով համալրելն է:
«Այս տարվա հունվարի 29-ի հրամանով՝ իմ կողմից ստեղծվել է առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդ, որում նախատեսում ենք ներառել մինչև 50 հոգուց բաղկացած բժշկության ոլորտում առաջատար մասնագետների, որոնց հետ համատեղ ուժերով ուզում ենք լուծել և կադրային հարցը, և նյութատեխնիկական բազայի համալրման խնդիրը: Խորհրդին անդամագրվելու ցանկություն են հայտնել արդեն մի շարք փորձառու և առաջատար բժիշկներ, հասարակական կազմակերպություններ, մասնագիտական ասոցիացիաներ, որոնք պատրաստակամ են համատեղ ուժերով լուծելու համակարգի առջև ծառացած խնդիրները: Առաջիկայում մենք նախատեսում ենք աննախադեպ կադրային հագեցվածության հասնել մինչև անգամ շրջաններում»,-մանրամասնեց նախարար Հայրիյանը:
Ինչ վերաբերում է պատերազմից տուժած և իրենց բնակավայրերից տեղահանված արցախցիներին անվճար բժշկական ծառայությունների ծրագրերին, ապա ըստ առողջապահության նախարարի՝ գերատեսչությունը ստանձնել է տեղահանված բնակիչների անվճար բուժսպասարկումն ապահովելու պարտականությունը:
«Այն լիարժեք իրականացնելու համար նախատեսում ենք մեծացնել պոլիկլինիկական ծառայության ծավալները: Ավելացրել ենք պետական պատվերով իրականացվող բուժհետազոտությունների ծավալներն ու ֆինանսավորման չափը, ընդլայնվել է պետության կողմից տրամադրվող դեղորայքի ցանկը: Արցախի Հանրապետությունը ունակ է ապահովելու պատերազմից տուժած և իրենց բնակավայրերից տեղահանված մեր քաղաքացիների բուժսպասարկումը»,-մանրամասնեց Արցախի առողջապահության նախարարը:
Կարծիքներ