ԿԳՄՍ նախարարի տեղակալը և Ալբանիայի դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները

ԿԳՄՍ նախարարի տեղակալը և Ալբանիայի դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ալբանիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լուելա Հայդարագային (նստավայրը՝ Աթենք):

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է տիկին դեսպանին, շնորհավորել պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-ալբանական կապերի զարգացման:

Արթուր Մարտիրոսյանը համոզմունք է հայտնել, որ վերջինս իր ներդրումը կունենա Հայաստանի և Ալբանիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։

Դեսպան Հայդարագան ընդունելության համար շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարի տեղակալին և ընդգծել, որ երկու երկրների միջև ընդհանրությունները բազմաթիվ են, իսկ կրթական, մշակութային ու մի քանի այլ ուղղություններով առկա է սերտ համագործակցության շատ ավելի մեծ ներուժ:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ պատմական, մշակութային ընդհանրություններից զատ՝ Ալբանիայի հետ համագործակցությունը յուրահատուկ է նաև նրանով, որ Ալբանիան՝ որպես անցումային երկիր, ունի էական հաջողություններ, որոնք կարող են նկատի առնվել Հայաստանի կրթության, մշակույթի, գիտության և մյուս ոլորտների զարգացման համատեքստում։ Կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով կրթության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում համագործակցության հեռանկարները՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով քաջալերել այդ ոլորտների կառույցներին համագործակցության ծավալման առումով։ Որպես առաջին քայլ մատնանշվել է «Էրազմուս+», «Հորիզոն Եվրոպա» ծրագրերի շրջանակներում միջբուհական համագործակցության հնարավորությունը, մշակութային փոխայցելությունները, երիտասարդական կառույցների միջև համագործակցությունը։

ՀՀ-ում Ալբանիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել նաև մշակույթի ոլորտում հայ-ալբանական համագործակցությունը սերտացնելու անհրաժեշտությանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը դեսպանի ուշադրությունը հրավիրել է 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին՝ նշելով, որ հայկական կողմն այս առումով ակնկալում է միջազգային հանրության, այդ թվում և Ալբանիայի աջակցությունը, որպեսզի Ադրբեջանը զերծ մնա հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելուց և աղավաղելուց:

Դեսպան Լուելա Հայդարագան արձագանքել է՝ Ալբանիայի Հանրապետության կառավարությունը քաջատեղյակ է ստեղծված իրավիճակին, և պատրաստակամություն է հայտնել մտահոգությունները փոխանցել Ալբանիայի կառավարությանը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը դեսպան Լուելա Հայդարագային նաև հրավիրել է մասնակցելու սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում անցկացվելիք «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնին՝ տեղեկացնելով, որ Հայաստանում նախատեսված միջոցառմանը մասնակցելու են շուրջ հինգ տասնյակ աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ և տիեզերագնացներ, երաժշտության և արվեստի համաշխարհային դեմքեր, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում