Այն հրթիռները, որոնք ունեցել ենք, որոշակի սահմանափակումներ են ունեցել. Արմեն Գրիգորյանը՝ ՍՈՒ-երի չօգտագործման մասին
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձավ ՍՈւ 30 կործանիչների վերաբերյալ վարչապետի հայտարարությանը և նրան, թե ինչու Հայաստանը մինչև պատերազմը հրթիռ ձեռք չի բերել: «Երբ ՍՈւ-երը գնվել են, դիտարկվել է ավելի երկար ժամանակի գործընթաց: Այսինքն, զինամթերքն ու մնացած կարողությունները ձեռք բերելը, ըստ պլանավորման, ավելի երկարաժամկետ հատվածի համար էր նախատեսված: Խնդիրը դա էր, այլ խնդիր ՍՈւ-երի հետ կապված մենք չենք ունեցել»,-ասաց նա:
Հարցին, եթե ունեցել ենք այլ հրթիռներ, որոնք կարող էին օգտագործվել ՍՈՒ-երի կողմից, ինչու դրանք չեն օգտագործվել, Արմեն Գրիգորյանն ասաց, որ կան պայթուցիկ կարողությունների տարբեր մակարդակի հրթիռներ: «Խնդիրը լավագույնն ունենալու մեջ էր, որն ամենամեծ ազդեցությունը կարող է ունենալ: Այն, ինչ մենք ունեցել ենք մինչ այդ, որոշակի սահմանափակումներ է ունեցել»,- ասաց Գրիգորյանը:
Հարցին, թե ինչպիսին է իրավիճակը Սյունիքում, արդյոք անվտանգ է, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Անվտանգության որեւէ մակարդակ չկա որևէ հանրությունում, որը գոհացուցիչ լինի: Ինչ վերաբերում է անվտանգային միջավայրին, բնականաբար, նոր ստեղծված իրավիճակի ուղղությամբ բազմաթիվ աշխատանքներ ենք տանում, որպեսզի անվտանգությունը հնարավորության շրջանակներում բարձր լինի»:
Կարծիքներ