Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը երկու ուղղությամբ. Հաագայի դատարանը որոշում է կայացրել
Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին որոշումը: Այսպիսով` դատարանը եզրակացնում է, որ Ադրբեջանը պարտավոր է իր՝ կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումը հրապարակվեց փետրվարի 22-ին:
Դատարանը նախ հիշեցրեց, որ 2021-ի դեկտեմբերի 1-ի որոշմամբ դատարանը կիրառել է հետևյալ ժամանակավոր միջոցները. «Ադրբեջանը պարտավոր է միջազգային կոնվենցիայի համաձայն իր պարտավորությունների ներքո ձեռնպահ մնալ բռնությունից և մարմնական վնաս պատճառելուց բոլոր այն անձանց, որոնք գերեվարվել են 2020-ի հակամարտության առնչությամբ և մնում են ազատությունից զրկված, ապահովել օրենքի առաջ նրանց հավասարությունն ու անվտանգությունը: Միջոցներ կիրառել կանխելու ռասայական խտրականության և ատելության սերմանումը, այդ թվում պետական կառույցների, պաշտոնատար անձանց կողմից՝ մասնավորապես հայերի նկատմամբ…»
Հայաստանը 2022-ի դեկտեմբերի 28-ին նոր պահանջ է ներկայացրել՝ պայմանական միջոցների կիրառության վերաբերյալ: Հայաստանը նշել է, որ Ադրբեջանը կազմակերպել է ԼՂ-ում 120 հազար հայազգի անձանց ՝ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակումը: Հայաստանը պահանջել է, որ դատարանը կիրառի հետևյալ երկու ժամանակավոր միջոցները՝ Ադրբեջանը պետք է դադարի աջակցել ու կազմակերպել ենթադրյալ բողոքի ցույցը, որով արգելափակվել է Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը և Ադրբեջանը պարտավոր է ապահովել անխափան ազատ տեղաշարժը բոլոր անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների համար Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով:
Դատավորը նշեց՝ դատարանը նկատում է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ԼՂ-ի և ՀՀ-ի միջև կապը Լաչինի միջանցքով խաթարված է: Դատարանը արձանագրում է, որ այս իրավիճակի հետևանքով մի շարք հետևանքներ են ծագել, և, որ հետևանքները կրող անձինք շարունակում են մինչև այս այդ ազդեցություն կրել: Տեղեկությունների համաձայն՝ նաև խոչընդոտվել է ԼՂ կենսական ապրանքների ներմուծումը, որի հետևանքով սննդի, դեղորայքի և այլ կյանք փրկող պարագաների պակասուրդ է առաջացել: Դատարանը գտնում է, որ վնասը կարող է անուղղելի համարվել, երբ համապատասխան անձինք հայտնվում են կյանքի և առողջության համար վտանգավոր հանգամանքներում:
Դատարանը հիշեցրեց՝ 2023 թվականի հունվարի 30-ին տեղի ունեցած դռնբաց նիստում Ադրբեջանի ներկայացուցիչը հաստատել է, որ իր կառավարությունը պարտավորվել է և շարունակում է պարտավորվել ձեռնարկել իրենից կախված բոլոր քայլերը՝ երաշխավորելու անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ այդ թվում շարունակաբար աշխատելով ԿԽՄԿ-ի հետ:
Դատարանն ի գիտություն է ընդունում այդ հայտարարությունը: Սակայն դա չի վերացնում անուղղելի վնաս պատճառելու վերահաս ռիսկը՝ պայմանավորված Լաչինի միջանցքով տեղաշարժը խաթարմամբ: Վերոհիշյալ հանգամանքների լույսի ներքո դատարանը եզրակացնում է, որ դատարանի կողմից իրագործելի ճանաչված իրավունքների ենթադրյալ խաթարումը կարող է անուղղելի վնաս պատճառել իրավունքներին, և կա հրատապություն: Այսինքն՝ կա իրական կամ վերահաս և անհապաղ ռիսկ, որ կառաջանան անուղղելի վնասներ՝ նախքան դատարանի կողմից գործով վերջնական որոշում կայացնելը: Ուստի դատարանը եզրակացնում է, որ ժամանակավոր միջոցներ կիրառելու համար պայմաններն առկա են ու բավարարված, ուստի անհրաժեշտ է, որ դատարանը նախքան վերջնական որոշումը որոշ ժամանակավոր միջոցներ կիրառի, որպեսզի պաշտպանվեն Հայաստանի կողմից հայցվող դատարանի նշած իրավունքները: Դատարանը հիշատակում է, որ իրավունք ունի կանոնադրության համաձայն կիրառել այնպիսի միջոցներ, որոնք ամբողջովին կամ մասամբ տարբերվում են հայցվող միջոցներին:
«Դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նախատեսում է, որ Լաչինի միջանցքը պետք է ապահովի կապ՝ ԼՂ-ի և ՀՀ-ի միջև և պետք է մնա ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո: Հայտարարությամբ նաև նախատեսված է՝ Ադրբեջանը պարտավոր է երաշխավորել անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղությամբ: Սույն գործով հաշվի առնելով Հայաստանի կողմից հայցվող ժամանակավոր միջոցների բնույթը տվյալ գործի հանգամանքներում՝ դատարանը եզրակացնում է, որ կիրառվելիք միջոցները պարտադիր չէ, որ լինեն նույնը, ինչ հայցված միջոցները: Դատարանը եզրակացնում է, որ նախքան այս գործով վերջնական որոշման կայացումը Ադրբեջանը պարտավոր է իր՝ կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ»,-ասվեց հայտարարությունում:
Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման գործով Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայցի լսումները Հաագայի դատարանում տեղի էին ունեցել հունվարի 30-ին:
Կարծիքներ