Ազգային ժողովը վարչապետի ընտրության հարցը երկրորդ անգամ կքննարկի մայիսի 10-ին

Ազգային ժողովը վարչապետի ընտրության հարցը երկրորդ անգամ կքննարկի մայիսի 10-ին

ՀՀ Ազգային ժողովը վարչապետի ընտրության հարցը երկրորդ անգամ կքննարկի մայիսի 10-ին: Այս մասին ասված է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի տարածած հաղորդագրությունում:

«Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ եւ 6-րդ մասերի համաձայն` վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 10-ին` ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»,- ասված է ԱԺ նախագահի հայտարարությունում:

Մայիսի 3-ին Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում՝ ապահովելով երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությունը: Հարցի քվեարկությունը ստացավ 1 «կողմ», 3 «դեմ» և 75 «ձեռնպահ» ձայն:

Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրել էր խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունը, որի անդամ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ իրենք քվեարկելու են «ձեռնպահ»: Ազգային ժողովի հատուկ նիստին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չէր մասնակցում: Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել ՀՀ վարչապետի պաշտոնից, որպեսզի, խորհրդարանի լուծարմամբ, երկրում կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ըստ ՀՀ Սահմանադրության, եթե խորհրդարանում երկու անգամ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովը լուծարվում է: «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրում է՝ առաջնորդվելով տվյալ ընթացակարգով:

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպումներից հետո հայտարարել էր, որ երկրում հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում