ՀՀ-ԵՄ նիստին քննարկվել է հակակոռուպցիոն և դատաիրավական բարեփոխումների օրակարգը
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի համանախագահությամբ անցկացվել է ՀՀ-ԵՄ Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի 13-րդ նիստը: ԵՄ կողմից նիստը համանախագահել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության բաժնի ղեկավար Դորոտա Դլուչի-Սուլիգան:
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ ենթակոմիտեի նիստերի շարունակական անցկացումը խոսում է Արդարադատության նախարարության և ԵՄ միջև կայուն փոխգործակցության ու համագործակցության և այն խորացնելու պատրաստակամության մասին, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում։
Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալն անդրադարձել է ՀԸԳՀ իրականացմանը, դատաիրավական ու հակակոռուպցիոն բարեփոխումների լայնածավալ օրակարգին ու իրականացված աշխատանքներին, դատաիրավական ոլորտում միջազգային համագործակցությանը, այս ոլորտում ՀՀ ստանձնած մի շարք կոնվենցիոն պարտավորությունների կատարմանը, անձնական տվյալների պաշտպանությանը, ինչպես նաև իրավապահ մարմինների համագործակցությանը։
Հանդիպմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության, ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, ինչպես նաև պետական կառավարման ու իրավապահ համակարգի մարմինների ներկայացուցիչներ։
Կարծիքներ