Մենք ամեն կերպ պատրաստ ենք աջակցել Հայաստանին խաղաղության հաստատման հարցում. Խրիստոս Սոֆիանապուլոսը՝ Ալեն Սիմոնյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանապուլոսին: Այդ մասին հայտնում են ԱԺ լրատվական վարչությունից:
ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ՝ մաղթելով հաջողություններ պաշտոնավարման ընթացքում:
Ալեն Սիմոնյանը գոհունակությամբ նշել է Հայաստանի և Հունաստանի միջև հաստատված ամուր բարեկամական հարաբերությունների մասին, որոնք հիմնված են հայ և հույն ժողովուրդների դարավոր եղբայրության, փոխօգնության և ընդհանուր արժեքների վրա:
«Հայ-հունական միջպետական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, մինչդեռ միջխորհրդարանական համագործակցությունը չիրացված մեծ ներուժ ունի: Անհրաժեշտ եմ համարում խթանել մեր խորհրդարանների միջև համագործակցությունը նաև փոխադարձ այցերի ձևաչափով»,- նշել է ԱԺ նախագահը:
Ալեն Սիմոնյանը կարևորել է միջազգային խորհրդարանական տարբեր կազմակերպություններում երկու խորհրդարանների ներկայացուցիչների սերտ համագործակցությունը: ԱԺ նախագահը բարձր է գնահատել Հունաստանի հետ համագործակցությունը ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում, ինչպես նաև Թվինինգ ծրագրով հունական աջակցությունն Ազգային ժողովին:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության եռակողմ ձևաչափին:
Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ հարաբերություններին, Հարավային Կովկասում առկա անվտանգային խնդիրներին, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին, տարածաշրջանում խաղաղության հաստատման համատեքստում Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացին:
Խրիստոս Սոֆիանապուլոսը բարձր է գնահատել տարածաշրջանում խաղաղության հաստատման համատեքստում Հայաստանի վարած քաղաքականությունը:
«Հունաստանը ողջունում և սատարում է Հայաստանի մոտեցումը խաղաղության հաստատման գործընթացում, քանի որ այն հիմնված է միջազգային իրավունքի, իրավասության վրա և իրականացվում է դիվանագիտական ճանապարհով: Մենք ամեն կերպ պատրաստ ենք աջակցել Հայաստանին խաղաղության հաստատման հարցում»,- ընդգծել է դեսպանը:
Կարծիքներ