Հուսով եմ` պաշտոնական Բաքուն կապավինի առողջ բանականությանը և թույլ չի տա ռազմական գործողությունների ակտիվացում. Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, Ուկրաինա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Անտոն Պոլյակովը հայտարարություն է արել հայ-ադրբեջանական պետական սահմանին վերջին օրերին ադրբեջանական կողմի սադրանքի վերաբերյալ:
Հայտարարությունն ամբողջությամբ` ստորև.
«Ցավոք, վերջին մի քանի օրերի ընթացքում մենք ականատես եղանք Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության սրմանը: Առճակատման ակտիվ փուլի զարգացման իրական սպառնալիք կա, արդեն կան մարդկային զոհեր, և կողմերը չեն կարողանում գալ ընդհանուր հայտարարի:
Տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ ադրբեջանական բանակը պատրաստ է հարվածներ հասցնել Հայաստանի ատոմային էլեկտրակայանին, ինչը կարող է բերել սարսափելի աղետի:
Հուսով եմ, որ պաշտոնական Բաքուն կապավինի առողջ բանականությանը և թույլ չի տա ռազմական գործողությունների ակտիվացում։
Միևնույն ժամանակ, Արտաքին գործերի նախարարության մեր դիվանագետներին հորդորում եմ ռացիոնալ դիրքորոշում ցուցաբերել. կողմերից մեկին աջակցություն հայտնող չմտածված հայտարարություններն արդեն հանգեցրել են լուրջ դիվանագիտական սկանդալի:
Ուզում եմ հիշեցնել պարոն Կուլեբին, որ իր գերատեսչության հիմնական գործառույթը միջազգային ասպարեզում երկրի կարգավիճակի բարձրացումն է, այլ ոչ թե հակառակը։
Սադրանքներ և սխալներ չպետք է թույլ տրվեն:
Ուկրաինան պետք է չեզոքություն պահպանի»։
Կարծիքներ