Դեսպաններին հրավիրեցին ԱԳՆ. նրանց երկրները խորապես չէին վերլուծել Արցախյան հիմնախնդրի իրավական և զգացական կողմերը
Ադրբեջանի հրավերով Արցախի օկուպացված հայկական տարածքներ այցելած դեսպանների ներկայացրած երկրները խորապես չեն վերլուծել Արցախի հիմնախնդրի իրավական և զգացական կողմերը, իսկ առանձին երկրներ պարզապես ցանկանում են տնտեսական օգուտներ ստանալ Ադրբեջանի քաղաքականությունից: Այսպիսի կարծիք հայտնեց տարածաշրջանի քաղաքական հարցերի վերլուծաբան Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով նշված երկրների դեսպաններին ՀՀ ԱԳՆ հրավիրելու փաստին:
Վերլուծաբանի խոսքով՝ Ադրբեջանի հրավերով Շուշի այցելած դեսպանների երկրների՝ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին արտգործնախարարություն հրավիրելու և հայկական կողմի դժգոհությունը արտահայտելու քայլը ողջունելի է:
«Հասկանալի է, որ ժամանակային առումով դրա որոշակի ուշացումը պայմանավորված է ԱԳՆ-ում ստեղծված իրողություններով, և պետք է հույս հայտնել, որ իրավիճակի կարգավորումից հետո Հայաստանի արտգործնախարարությունը շատ ավելի ակտիվ կերպով կանդրադառնա Ադրբեջանի կողմից պարբերաբար շարունակվող ոչ բարեկամական, հավակնոտ և ապակայունացնող գործողություններին, ընդ որում՝ ոչ միայն դիվանագիտական ճակատում, այլև քաղաքական, ռազմական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում», - ասաց Արմեն Պետրոսյանը:
Պատասխանելով հարցին, թե դեսպաններին արտգործնախարարություն հրավիրելը ազդեցություն կունենա՞ նրանց երկրների դիրքորոշման վրա Լեռնային Ղարաբաղի հարցում, Արմեն Պետրոսյանը շեշտեց, թե չի կարծում, որ Ադրբեջանի հրավերով այդ քայլին գնալը նշանակում է, որ նրանք կիսում են Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում:
«Իմ կարծիքով՝ Ադրբեջանի իշխանությունների հրավերով Արցախի օկուպացված տարածքներ այցելած դեսպանների ներկայացրած երկրների որոշում կայացնողները կա՛մ խորապես չեն վերլուծել խնդրի բարոյական, զգացական, ինչու ոչ, նաև իրավական կողմերը, կա՛մ պարզապես ունենալով որոշ նեղ նպատակներ գնացել են նման քայլի՝ ակնկալելով Ադրբեջանից որոշակի քայլեր կամ շահեր: Չմոռանանք, որ Ադրբեջանի իշխանությունները փորձում են Արցախի Հանրապետության՝ իրենց վերահսկողության տակ անցած շրջաններում ակտիվ տնտեսական, վերականգնողական ծրագրեր իրականացնել, և կարծում եմ՝ առանձին երկրներ պարզապես այդ քաղաքականությունից օգտվելու նպատակներ ունեն և ցանկանում են որոշակի տնտեսական, նյութական օգուտներ ստանալ», - նշեց մեր զրուցակիցը:
Հուլիսի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը տեղեկացրեց, որ հուլիսի 9-10-ը Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներ կազմակերպված այցելությանը որոշ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցության առնչությամբ ՀՀ ԱԳՆ են հրավիրվել համապատասխան դիվանագիտական առաքելությունների ղեկավարները։ Դեսպաններին է փոխանցվել նրանց երկրների կառավարություններին ուղղված հայտագրեր, որտեղ նշվել է, որ ՀՀ-ն բացարձակապես անընդունելի է համարում Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների այցելությունը Արցախի օկուպացված տարածքներ, այդ թվում՝ Հադրութ և Արցախի պատմական կենտրոն՝ Շուշի քաղաք, որոնք ենթարկվել են էթնիկ զտումների, իսկ բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործվել են պատերազմական հանցագործություններ և զանգվածային ոճրագործություններ։
Ընդգծվել է, որ Ադրբեջանի իշխանությունները նմանատիպ միջոցառումներով փորձում են օրինականացնել Արցախի ժողովրդի դեմ իրականացված ագրեսիան և ամրապնդել հակամարտությունն ուժի կիրառմամբ լուծելու սեփական պնդումները։ Դեսպանների ներգրավումը նմանօրինակ այցելություններին, ըստ ՀՀ ԱԳՆ-ի, հակասում է Հայաստանի և տվյալ երկրների համագործակցության ոգուն, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիրքորոշմանը: Այս տեսակետից Հայաստանը կոչ է անում ձեռնպահ մնալ ուժի կիրառումը և տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը խաթարող ցանկացած գործողություններից:
«Ուժի կիրառումը և զանգվածային ոճրագործությունները չեն կարող լուծել ղարաբաղյան հակամարտությունը, որի կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով՝ միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում», - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարությունը:
Բաքվում հավատարմագրված 46 երկրների դիվանագիտական ներկայացուցիչները հուլիսի 9-10-ը Ադրբեջանի կառավարության հրավերով այցելել էին Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական զինուժի կողմից օկուպացված տարածքներ, այդ թվում՝ Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշի: ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետությունների՝ Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները, սակայն, մերժել էին Ալիևի հրավերը: Ադրբեջանական ԶԼՄ-ները եռանախագահների այս քայլը որակել էին որպես «դեմարշ» Ալիևի դեմ:
Շուշի այցելած դեսպանների թվում եղել են Թուրքիայի, Իտալիայի, Ավստրիայի, Շվեդիայի, Իսրայելի, Չինաստանի, Ճապոնիայի, Բելառուսի և Ուկրաինայի դեսպանները:
Կարծիքներ