Ճանաչողական այցով Գյումրիում է գտնվում Հարավային Կովկասում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գլխավոր խորհրդականը
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հյուրընկալել է ճանաչողական այցով Գյումրիում գտնվող՝ Հարավային Կովկասում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գլխավոր խորհրդական Վլադիﬕր Շկոլնիկովին (Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակ)։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են մարդու իրավունքներին և ժողովրդավարությանն առնչվող հարցերի։
«Մարդու իրավունքներին վերաբերող հարցերն իմ աշխատանքային կարևոր ուղղությունն են եղել։ Դեռ օրենսդիրում աշխատանքի ժամանակ եղել եմ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում և իմ աշխատանքի թիրախում այս բնագավառում առկա հիմնախնդիրներն էին, հիմա էլ, որպես գործադիրի ներկայացուցիչ, ջանքերս մարդկանց հիմնախնդիրների լուծմանն են միտված։ Ուրախ եմ ձեզ հանդիպելու և քննարկելու այս ոլորտին վերաբերող հարցեր»,- նշել է Շիրակի մարզպետը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են տարածքային կառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների համագործակցությանը, խոցելի խմբերի ներկայացուցիչների հոգսերը, ինչպես նաև Արցախից տեղահանվածների խնդիրներն ու հետպատերազմյան շրջանի հումանիտար ու գերեվարվածների ընտանիքների հիմնահարցերը։
Վլադիﬕր Շկոլնիկովը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ուրախությամբ նշել, որ մարզպետի առանձնակի ուշադրության կենտրոնում են մարդու իրավունքները՝ կարևորելով մարզային մակարդակում իրականացվելիք բարեփոխումներն ու ձեռնարկվող քայլերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխգործակցության արդյունքում համակողմանի մոտեցում ցուցաբերել առկա խնդիրների լուծմանը։
Կարծիքներ