Բացահայտվել է 3200-ամյա խորհրդավոր արձանիկների առեղծվածը
Բազմաթիվ հետազոտությունների ընթացքում գիտնականները պարզել են, թե ինչ գործառույթ են կատարել 3200 տարի առաջ ստեղծված քարե արձանիկները: Արձանիկները հայտնաբերվել են 19-րդ դարի առաջին կեսին՝ ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող Յազիլիկայա խեթական տաճարում, հայտնում է Daily Mail-ը:
Ավելի քան 200 տարի շարունակ գիտնականները չէին կարողանում պարզել, թե ինչի համար են նախատեսված եղել խեթերի կողմից ստեղծված կրաքարի արձանիկների վրա փորագրված ռելիեֆները: Մ.թ.ա․ 13-րդ դարում խեթերը փորագրել են աստվածների, կենդանիների եւ հրեշների տեսքով ավելի քան 90 արձանիկներ եւ նրանց դիմաց տաճար են կանգնեցրել՝ այս վայրը վերածելով սրբավայրի: Հետազոտողների միջազգային խումբը որոշել է, որ ռելիեֆները ներկայացնում են տիեզերքը՝ Երկիրը, երկինքը ու անդրաշխարհը, եւ պատկերում են աշխարհի ստեղծման խեթական հիմնական առասպելը՝ քաոսից մինչեւ կարգուկանոն: Ռելիեֆները ծառայել են նաեւ որպես օրացույց՝ ցույց տալով օրերի, ամիսների եւ եղանակների անցման տարեգրությունը: Խեթերը հիմնել են իրենց կայսրությունը մ.թ.ա. 17-րդ դարի վերջին: Մ.թ․ա. 1300-ականների կեսերին իրենց զարգացման գագաթնակետին նրանք տիրում էին Թուրքիայի մեծ մասին, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի եւ Վերին Միջագետքի տարածքներին:
Կարծիքներ