Կշարունակվի համագործակցությունը օդային տրանսպորտի ոլորտում. ՏԿԵ փոխնախարարն ընդունել է գերմանացի գործընկերներին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը մայիսի 11-ին ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության գործակալության «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացման թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոյի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ նշելով, որ Գերմանիայի միջազգային համագործակցության գործակալության հետ ՏԿԵ նախարարությունը սերտ համագործակցում է՝ մասնավորապես օդային տրանսպորտի ոլորտում։
Վիլհելմ Հյուգոն շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ հավելելով, որ «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» ծրագիրը ուղղված է նորարարական տուրիզմի, տեխնոլոգիաների և տեղական տնտեսական զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում։ Հյուգոն նշել է, որ ծրագիրը, որի արժեքը 15 մլն եվրո է, մեկնարկել է 2020 թվականին և կավարտվի 2023 թվականի վերջին, սակայն ներկայում բանակցություններ են վարվում ծրագրի երկարաձգման համար։
Հանդիպման ընթացքում հյուրերը հանդես են եկել առաջարկություններով՝
Տեխնիկական աջակցություն ավիացիայի ոլորտին,
Շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացում,
Օժանդակություն ավիացիայի կենսունակության ապահովմանը,
Թվայնացման խթանում,
Միջազգային փորձի ուսումնասիրություն և կիրառում հայաստանյան շուկայում։
Փոխնախարարը դրական է գնահատել գործընկերների ներկայացրած առաջարկները՝ հավելելով, որ բարեփոխումները պետք է լինեն համակարգային և կրեն պարբերական բնույթ՝ ցանկալի արդյունքի հասնելու համար։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել քննարկումները։
Կարծիքներ