Անդրանիկ Քոչարյանն ընդունել է Լին Թրեյսիին
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, դեսպանության ռազմական կցորդ Սքոթ Մաքսվելին և քաղաքատնտեսական հարցերով պատասխանատու Քիմ Զափֆելին: Հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի հարցը:
Անդրադառնալով պատերազմի հետևանքով առկա առաջնային խնդիրներին՝ Անդրանիկ Քոչարյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է ներդնել հնարավոր բոլոր ջանքեը գերիների փոխանակումն իրականացնելու համար:
«Ռազմագերիների հարցը կարևոր հումանիտար խնդիր է, որն օր առաջ պետք է լուծվի հնարավոր բոլոր խողովակների կիրառմամբ»,- ասել է Քոչարյանը:
Զրուցակիցները խոսել են նաև պատերազմում Ադրբեջանի կողմից Մերձավոր Արևելքից ահաբեկիչների և վարձկանների ներգրավման մասին:
«Սիրիայից և Մերձավոր Արևելքի այլ երկրներից վարձկանների մասնակցությունը պատերազմին անհերքելի է, և այդ փաստը հաստատվել է աշխարհի առաջատար երկրների՝ ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների կողմից: Փաստորեն այս պատերազմում Պաշտպանության բանակը կռվել է Ադրբեջանի, Թուրքիայի, ահաբեկիչների և իսրայելական նորագույն սպառազինության դեմ»,- նշել է Անդրանիկ Քոչարյանը:
Դեսպանը հայտնել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները կաշխատեն ԼՂ հարցում երկարատև քաղաքական լուծում գտնելու ուղղությամբ:
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ տարածաշրջանում անվտանգության ապահովման երաշխիքը կարող է լինել ԼՂ կարգավիճակի հստակեցումը, և այս պահին այդ ուղղությամբ արդեն պետք է տարվեն աշխատանքներ:
Հանդիպման ավարտին քննարկվել են տնտեսական հարաբերությունների անվտանգության ապահովմանը, ՀՀ զինված ուժերի բարեփոխումներին միտված օրենսդրական նախաձեռնություններին, ինչպես նաև դեսպանության աջակցությամբ սերժանտական կազմի ինստիտուցիոնալ կրթական հնարավորություններին վերաբերող հարցեր:
Կարծիքներ