Մեղադրանք է առաջադրվել Անի խոշորացված համայնքի ղեկավարին
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Անի խոշորացված համայնքի ղեկավարի կողմից կատարված չարաշահումների հանգամանքները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:
«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ համայնքի ղեկավարը, 2017թ. նոյեմբերի 5-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, միանձնյա որոշում է կայացրել իր բարեկամուհու՝ ՀՀ-ից բացակայելու պայմաններում Մարալիկ քաղաքի Ձերժինսկու փողոցի շենքերից մեկի բնակարանը վարձակալական հիմունքներով հատկացնելու և նրան բնակարանի օրդեր տալու վերաբերյալ՝ դրանով իսկ նախապայման ստեղծելով ավագանու անդամների կողմից՝ հետագայում հիշյալ բնակարանը նվիրատվության եղանակով վերջինիս օտարելու գործընթացում կողմ քվեարկելու համար:
Ստանալով համայնքի ավագանու անդամների համաձայնությունը՝ որոշում է կայացրել վերոհիշյալ բնակարանը նվիրաբերության եղանակով բարեկամուհուն հատկացնելու մասին, որից հետո համայնքապետարանի ներկայացուցչի և կնոջ միջև կնքվել է նվիրատվության պայմանագիր և բնակարանը անհատույց օտարվել է կնոջը՝ էական վնաս պատճառելով համայնքի օրինական շահերին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Անի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ