Անահիտ Մանասյանը Մայքլ Օ՛Ֆլահերթիի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող գործընթացներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարտի 11-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի հետ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Զրուցակիցներն անդրադարձել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցերի, այդ թվում՝ խտրականության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի հաղթահարման, ազատությունից զրկման վայրերում իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Քննարկվել են ՄԻՊ հաստատությունների և իրավապաշտպանների գործունեության երաշխավորման համար անվտանգ միջավայրի առկայության կարևորությանն առնչվող հարցեր:
Պաշտպանը հատուկ անդրադարձ է կատարել Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող գործընթացների` մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց լինելու հանգամանքին:
Անահիտ Մանասյանն ընդգծել է նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ Պաշտպանի և ՄԻՊ հաստատության համագործակցության կարևորությունը:
Ի թիվս այլնի, քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների հետ կապված հարցեր:
Կարծիքներ