Թմրամիջոցի իրացման հերթական դեպքն է բացահայտվել․ մեկ կին ձերբակալվել է (տեսանյութ)
Մայիսի 13-ին ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի, Երևան քաղաքի ու Արարատի մարզային վարչությունների, ինչպես և Արտաշատի բաժնի ծառայողները համատեղ միջոցառմամբ ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել:
Նախ՝ Ուրցաձորից Արտաշատի բաժին բերման են ենթարկվել երկու տղամարդ՝ մեքենայով հանդերձ: Ըստ տվյալների՝ նրանցից մեկը պետք է թմրամիջոց գներ։ Իրացնողը թմրամիջոցը պետք է թողներ Երևան-Երասխ ճանապարհին: Նշված վայրում հայտնաբերվել է մոտ 22 գրամ մարիխուանայի նմանվող զանգված:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում նրանց «Կիան» խուզարկվել է։ Հայտնաբերվել են մեթամֆետամինի նմանվող զանգվածներով փաթեթներ, որոնք, ըստ տեղեկությունների, ձեռք էին բերել Մեղրիի մի բնակչուհուց: Մայիսի 14-ին նա ևս հայտնաբերվել ու բերման է ենթարկվել:
41-ամյա կնոջ պայուսակում մեթամֆետամինի նմանվող զանգված կար: Ըստ նրա՝ «կրիստալ» տեսակի թմրամիջոցը ձեռք էր բերել օտարերկրացուց։ 41-ամյա կինը ձերբակալվել է:
Նշանակվել են փորձաքննություններ: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Կարծիքներ