Կրակը վարվում է առավելապես ադրբեջանական այն դիրքերից, որոնք գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում. ՀՀ ՄԻՊ
Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվություն են կրում ՀՀ 2 զինծառայողի սպանության ու այլ զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու, ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգությունը խաթարելու համար:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Գրառման մեջ նաև ասված է.
«Այսօր՝ ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը հատկապես ինտենսիվ կրակ են բացել ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորաբակ, Վերին Շորժա և Ներքին Շորժա գյուղերի հարևանությամբ տեղակայված ՀՀ Զինված ուժերի դիրքերի ուղղությամբ: Հրետանին լսելի է եղել նաև Կութ գյուղում:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած փաստերը հաստատում են, որ կրակը վարվում է առավելապես ադրբեջանական այն դիրքերից, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում: Խոսքը 2021թ. մայիսի ներխուժումների մասին է:
Այդ տեղակայումները ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ են՝ մարդկանց սեփականության իրավունքով պատկանող արոտավայրերում, վարելահողերում ու խոտհարքներում և զուրկ են իրավական որևէ հիմքից:
Ասօրվա ադրբեջանական հարձակումները, ինչպես հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարությունը, տեղի են ունեցել հրետանի և անօդաչու սարքեր կիրառելով:
Ագրեսիվ կրակը ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ է՝ քաղաքացիական բնակչության կյանքի ու անվտանգության, մյուս կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով:Ուստի, ՀՀ զինված ուժերը անմիջականորեն պաշտպանում են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքն ու առողջությունը, ապահովում են մարդկանց անվտանգությունը:
Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում հանցանքների՝ Գեղարքունիքում այսօր ՀՀ 2 զինծառայողներին սպանելու, նրանց կյանքի իրավունքը խախտելու համար, վիրավորում ստացած զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու, ինչպես նաև քաղաքացիական բնակչության անվտանգությունը խաթարելու, մարդկանց նկատմամբ ագրեսիայի համար»:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 11-ին՝ ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել էր միջին ծանրության հրազենային վիրավորում։
Ժամը 17։30-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել էին կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝
օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։
Քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց,որ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։
Կարծիքներ