Առևանգել էին կնոջն ու ամուսնուց փող պահանջել. Նաիրիի ոստիկանների բացահայտումը
Ոստիկանություն օգոստոսի 24-ի կեսգիշերն անց զանգած տղամարդը հայտնել է, որ Նոր Հաճնի քաղաքապետարանից իր կնոջն առևանգել են և պահանջում են հանդիպում ու 200 հազար դրամ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, Նաիրիի բաժնի ծառայողները ձեռնարկել են անհետաձգելի միջոցառումներ՝ հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ։
«Որոշ ժամանակ անց պարզվեց, որ կնոջը ժամեր առաջ առևանգել են Երևանի երեք բնակիչ՝ երկու տղամարդ և մի կին։ Պարզվեց նաև, որ առևանգած կնոջը նրանք պահում են Երևանի Թբիլիսյան խճուղում՝ մեքենայի մեջ, և միաժամանակ ամուսնու հետ զրուցում են՝ նշելով ազատ արձակելու պայմանը։ Առևանգումից ժամեր անց ոստիկանները նրանց հայտնաբերեցին Երևանի Ահարոնյան փողոցում և ձերբակալեցին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ ՀՀ ոստիկանության նախնական տվյալների՝ առևանգվածի ամուսնու և առևանգողների միջև պարտք ու պահանջի խնդիր է եղել:
Նշվում է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում է նախաքննություն:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ