Ադրբեջանը ցույց է տվել, որ ուժ կկիրառի զիջումներին հասնելու համար, կա վտանգ նոր ռազմական ընդհարման. Թոմաս դե Վաալ

Միջազգային հանրությունն ու վերլուծաբաններն անդրադառնում են ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանն ու Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման դադարեցմանը:
Քարնեգի Եվրոպա հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալն այս կապակցությամբ իր «Թվիթեր»-ի էջում արված գրառման մեջ նշել է, որ ԵՄ պաշտոնյաներն անհանգստացած են ստեղծված կացությամբ և ցանկանում են պահպանել բանակցային գործընթացը:
Ըստ վերլուծաբանի՝ վերջին շրջանի ԵՄ միջնոդությամբ բանակցությունները որոշակի առաջընթաց արձանագրեցին, որի արդյունքում կողմերը հնչեցրեցին հայտարարություններ խաղաղ պայմանագրի մասին, սակայն որևէ համաձայնություն չկա Ղարաբաղի հայության ապագայի վերաբերյալ, նշում է վերլուծաբանը՝ շեշտելով՝ «Ադրբեջանը, որն այսօր դոմինանտ դիրքում է, ցույց է տվել, որ ուժ կկիրառի՝ զիջումներին հասնելու համար»:
Դե Վաալի կարծիքով՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը ցանկանում է կնքել խաղաղության համաձայնագիր, այլ ոչ թե նոր պատերազմ սկսել, սակայն հայկական կողմը չի կարող գնալ այն զիջումներին, որոնք Ադրբեջանն է ուզում տեսնել:
«Մեծ վտանգ կա, որ կանգնած ենք ռազմական նոր լուրջ ընդհարման բռնկման շեմին»,- զգուշացնում է դե Վաալը։
Արդեն երկրորդ օրն է՝ Ադրբեջանի իշխանությունները կեղծ բնապահպանական ցույցերի անվան տակ քաղաքացիական հագուստով մեծաթիվ մարդկանց կողմից փակ են պահում Արցախն աշխարհին կապող միակ ավտոճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Բնապահպան ներկայացող անձինք նստացույց են հայտարարել, վրաններ տեղադրել՝ թույլ չտալով մարդկանց հասնել իրենց բնակավայրեր: Նրանց թիվը գնալով ավելանում է, քանի որ Բաքուն քաղաքացիներ է տեղափոխում ավտոբուսներով:
2 օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է 120 հազար մարդ, ընդ որում՝ 30 հազար երեխա: Մի քանի հազար մարդ չի կարողանում հասնել տուն, նրանք ժամանակավոր տեղավորվել են Գորիսի ու մոտակա համայնքների կացարաններում:
Երեկ էլ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիների կողմից խափանվել է Արցախը սնուցող գազատարի աշխատանքը: Պատկան մարմինների փոխանցմամբ՝ դադարեցվել է դասապրոցեսը դպրոցներում, որոնք ջեռուցվում են գազով:
Հնարավոր չէ կազմակերպել մի շարք ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների տեղափոխումը Երևանի բուժհաստատություններ, Ստեփանակերտ չի տեղափոխվում դեղորայք, սնունդ: Ու թեև նշվածի պաշարներ դեռևս կան Արցախում, սակայն դրանք կարող են բավարարել կարճ ժամանակ միայն:
Կարծիքներ