Կրթական համակարգերը պետք է լավագույնս նպաստեն տարածաշրջանում երկարաժամկետ կայունությանն ու խաղաղությանը. ԿԳՄՍ նախարար
Գերմանիա կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ԳԴՀ կրթության և հետազոտության դաշնային նախարար Բեթինա Շթարկ-Վատցինգերի և Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուի հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, ՀՀ պատվիրակության կազմում են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:
Հանդիպումների առանցքում եղել են կրթության և գիտության ոլորտում Հայաստան-Գերմանիա համագործակցության նոր հեռանկարները և զարգացման հարցերը:
ԳԴՀ կրթության և հետազոտության դաշնային նախարար Բեթինա Շթարկ-Վատցինգերի հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարը կարևորել է առաջիկայում Երևանում կայանալիք Հայաստան-Գերմանիա «Գիտության օր» միջոցառման անցկացումը, որի շրջանակում նաև գերմանական մեծ պատվիրակության ժամանում է ակնկալվում:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել արդեն իսկ առկա արդյունավետ համագործակցությունը՝ շեշտելով համատեղ աշխատանքի ակտիվացումը երիտասարդներին ուղղված ծրագրերում:
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կայուն և երկարամյա համագործակցություն է ձևավորվել, մասնավորապես, Սաքսոնիա-Անհալթի երկրամասի հետ, սակայն Հայաստանի համար կարևոր է համագործակցության ընդլայնումն այլ երկրամասերի հետ նույնպես՝ ընդգրկելով տարբեր ուղղություններ:
Ներկայացնելով ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև կրթության կարևորությանը խաղաղության արժեքների տարածման հարցում:
«Կրթական համակարգերը պետք է լավագույնս նպաստեն տարածաշրջանում երկարաժամկետ կայունությանն ու խաղաղությանը՝ չգեներացնելով հավելյալ թշնամանք: Խաղաղությանը միտված կրթությունը պետք է ընդհանուր մոտեցում լինի տարածաշրջանի բոլոր երկրների համար»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:
Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուի հետ հանդիպմանը կարևորվել է հայ-գերմանական համագործակցության բարձր մակարդակը: Փոխնախագահը հետաքրքրվել է կրթության և մշակույթի ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերով:
Նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հայաստան-Գերմանիա համագործակցության հիմնական ուղղությունները և համատեղ աշխատանքները:
Հանդիպմանը ներկա ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն իր հերթին ներկայացրել է երկու երկրների խորհրդարանների միջև առկա համագործակցությունը և հնարավոր նոր նախաձեռնությունները:
Այդ համատեքստում կողմերը կարևորել են միջխորհրդարանական կապերի զարգացումը, մասնավորապես, խորհրդարանների ակտիվ աջակցությունը գործադիր իշխանության աշխատանքների կազմակերպմանը և երկկողմ համագործակցության զարգացմանը:
Կարծիքներ