ԱՀԿ-ն հայտնում է, որ երկրների համար դեռ վաղ է վերացնել COVID-ի բոլոր սահմանափակումները

ԱՀԿ-ն հայտնում է, որ երկրների համար դեռ վաղ է վերացնել COVID-ի բոլոր սահմանափակումները

ԱՀԿ փորձագետները կարծում են, որ դեռ վաղ է պետությունների համար անհապաղ բոլոր սահմանափակումները վերացնելը, նրանք զգուշության կոչ են արել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրել է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ԱՀԿ-ի COVID-19 հարցերով տեխնիկական ղեկավար Մարիա Վան Կերխովեի փետրվարի 1-ին կայացած ճեպազրույցը։

«Մենք կոչ ենք անում զգույշ լինել, քանի որ երկրների մեծ մասը չի հասել օմիկրոնի տարածման գագաթնակետին: Շատ խոցելի բնակչության շրջանում պատվաստումների մակարդակը շատ ցածր է: Այսպիսով, այժմ ժամանակը չէ միանգամից վերացնել բոլոր սահմանափակումները», - նշել է Մարիա Վան Կերխովեն:

Ավելի վաղ Դանիան չեղարկել է COVID-19-ի դեմ բոլոր սահմանափակումները։ Այն դարձավ Եվրամիության առաջին երկիրը, որը չեղյալ հայտարարեց բոլոր նախկին միջոցառումները։

Բացի այդ, անցյալ շաբաթ Անգլիայում զգալիորեն թուլացան COVID-19-ի դեմ պայքարի միջոցառումները. չեղարկվեցին դիմակների և COVID-ի անցագրերի պարտադիր կրումը։

Ֆինլանդիան փետրվարի 1-ից կսկսի թեթևացնել կորոնավիրուսային սահմանափակումները, և դրանք բոլորը կհանվեն մեկ ամսվա ընթացքում, ասել է վարչապետ Սաննա Մարինը։

ԱՀԿ-ի տվյալներով՝ անցած շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցվել է COVID-19 վարակի 22 միլիոն դեպք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում