Հոլանդիան մեղադրել է ՌԴ-ին Սև ծովում հարձակման իմիտացիայի մեջ․ Ռուսաստանի պարզաբանումը չի ուշացել
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Սև ծովում տեղի ունեցած միջադեպը բացատրել է ՌԴ տարածքային ջրերի սահմանների խախտումը կանխելու մտադրությամբ։ Հունիսի 24-ին Ռուսաստանն օդ է բարձրացրել կործանիչներ և ռմբակոծիչներ՝ Նիդերլանդների հածանավի անձնակազմին սահմանային խախտման մասին նախազգուշացնելու համար։ Նշվում է, որ հածանավը շարժվել է Կերչի նեղուցի ուղղությամբ։ Այս մասին փոխանցում է TASS-ը։
Մինչ այդ Նիդերլանդների ՊՆ-ն հայտնել էր, որ ռուսական կործանիչները Սև ծովում ստեղծել են վտանգավոր իրավիճակ՝ Evertsen հածանավի գլխավերևով չափազանց ցածր թռիչք կատարելով և հարձակման իմիտացիա կատարելով։
Ռուսական կողմը հայտնել է, որ կործանիչներն ու ռմբակոծիչները գործել են միջազգային կանոններին համապատասխան։ Նշվում է, որ չեզոք ջրերում գտնվող Evertsen-ը փոխել է ուղղությունն ու սկսել շարժվել դեպի Կերչի նեղուց։ Կործանիչների օդ բարձրացնելուց հետո այն փոխել է ուղղությունն ու շարունակել ընթանալ նախկին երթուղով։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ սևծովյան նավատորմի նավը նախազգուշական կրակոց է արձակել բրիտանական Defender ականակիր նավի ուղղությամբ, որը խախտել է սահմանը Ղրիմի Ֆիոլենտ հրվանդանի մոտակայքում։
Կարծիքներ