Ծաղկաշենում ընթացքի մեջ է խմելու ջրի մատակարարման համակարգի կառուցումը
Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն համայնքում 2021 թվականի օգոստոսի 10-ից սկսվել է խմելու ջրի մատակարարման համակարգի կառուցումը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող «Մեդիսոն Էյբլ» ՍՊԸ աշխղեկ Ղեւոնդ Մուրադյանը, ծրագրով նախատեսվում է Ծաղկաշենի խմելու ջրատարի արտաքին եւ ներքին ցանցի, մի քանի աղբյուրակապերի ու քլորակայանի կառուցում, օրվա կարգավորիչ ջրամբարի հիմնանորոգում եւ բոլոր 120 բնակարաններում տնային միացումների իրականացում։ Կառուցվող ջրատարի ընդհանուր երկարությունը կազմում է 10 կիլոմետր 600 մետր, որից 4 կիլոմետր 400 մետրը կազմում է արտաքին, մնացած 6,2 կիլոմետրը՝ ներքին ցանցը։
«Շինարարության տեղանքը բավականին բարդ է, սակայն կարողանում ենք հաղթահարել դժվարությունները եւ շարժվել առաջ։ Մոտ մեկ ամսվա ընթացքում արդեն արտաքին ցանցի ջրատարի 4 400 մետր երկարության խրամուղուց քանդել ենք 3 300 մետրը, խողովակաշարի մեծ մասն արդեն մոնտաժվել է, ներքին ցանցից կառուցվել է մոտ 1 կիլոմետր։ Ծրագրով նախատեսված է 3 աղբյուրակապ, բայց մենք, ամենայն հավանականությամբ, կավելացնենք դրանց քանակը, որպեսզի մատակարարվող ջրի քանակությունն ավելանա։ Ջրատարը կառուցվում է պոլիէթիլենային խողովակներով։ Պայմանագրով նախատեսված է շինարարական աշխատանքներն ավարտել 2 տարվա ընթացքում, սակայն մենք ձգտելու ենք ավելի սեղմ ժամկետներում կառուցել ու շահագործման հանձնել ջրամատակարարման համակարգը, եթե եղանակային պայմանները թույլ տան։ Այս պահին Ծաղկաշենում աշխատում է 5 միավոր տեխնիկա, շինարարությունն ընթանում է մեծ թափով»,-ներկայացրեց Ղեւոնդ Մուրադյանը։
Ծաղկաշեն համայնքի ղեկավար Գրիշա Կարապետյանի տեղեկացմամբ՝ ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 423 միլիոն դրամ։ Այն իրականացվում է ՀՀ կառավարության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության KFW բանկի, Եվրոպական ներդրումային բանկի եւ Եվրամիության ֆինանսական միջոցների հաշվին, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով։
«Այս խոշոր ու կենսական կարեւոր նշանակության ծրագրի իրականացման արդյունքում Ծաղկաշենը, վերջապես, կունենա միանգամայն մաքուր ու շուրջօրյա ջրամատակարարում, ինչին շատ երկար են սպասել համայնքի բնակիչները։ Խմելու ջուր այժմ Ծաղկաշենի բնակիչները օրական ստանում են հազիվ 2 ժամ տեւողությամբ։ Ջուրը ոչ միայն չի քլորացվում, այլ նաեւ անցնում է երկաթյա խողովակաշարերով, որոնք կառուցվել են 1960-ական թվականներին ու գտնվում են քայքայված վիճակում։ Ջրամատակարարման նոր համակարգի շահագործումից հետո շատ կողմերով կբարելավվի մեր համայնքի բնակիչների կենցաղը»,- ներկայացրեց համայնքի ղեկավարը։
Կարծիքներ