Ալմաթիում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը՝ Փաշինյանի նախագահությամբ
Ղազախստանում մեկնարկել է ԵԱՏՄ երկրների վարչապետների նիստը, որը նախագահում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Kazinform գործակալության հրապարակումը։
Հանդիպմանը մասնակցում են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլովը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։
Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովն ավելի վաղ ստիպված էր եղել վերադառնալ Բիշքեկ՝ ՋԷԿ-ում տեղի ունեցած վթարի պատճառով։ Փոխարենը հանդիպմանը ներկա է Ղրղզստանի առաջին փոխվարչապետ Ադիլբեկ Կասիմալիևը։
Հանդիպմանը մասնակցում է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։
Հանդիպումն անցկացվելու է նեղ և ընդլայնված կազմերով (ԵԱՏՄ դիտորդ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ)։ Դրա արդյունքում նախատեսվում է ստորագրել համատեղ փաստաթղթեր։
Հանդիպման օրակարգում ներառված են ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման ներկա վիճակի և հեռանկարների քննարկումը, ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու գործողությունների ծրագիրը և ԵԱՏՄ երկրների երկաթուղիների միջև ինտեգրացիոն փոխգործակցությունը։
Նիստից առաջ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները այցելել են Digital Almaty-2024 համաժողովի թվային ցուցահանդես, որտեղ ներկայացված են ավելի քան 300 միջազգային ՏՏ ընկերությունների թվային նախագծեր։
2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանը ստանձնել է Եվրասիական տնտեսական միության մարմինների նախագահությունը և մեկ տարի նախագահելու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը, Եվրասիական միջկառավարական խորհուրդը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը։
Կարծիքներ