Զարեհ Սինանյանը Միչիգանի հայ համայնքի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստան-սփյուռք հարաբերություններին
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Առաջին անգամ Գլխավոր հանձնակատարն այցելել է Միչիգան նահանգ և հանդիպումներ ունեցել հայ համայնքի կառույցների և ներկայացուցիչների հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, այցի առաջին օրվա ընթացքում Զարեհ Սինանյանը մասնակցել է Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցու կանանց ամենամյա ընթրիքին, հանդիպել համայնքի 70 կին ակտիվ ներկայացուցիչներին և ծանոթացել նրանց աշխատանքին: Հանձնակատարը կարևորել է համայնքում կանանց ոգեշնչող գործունեությունն ու ունեցած նպաստը հայապահպանության գործում:
Այնուհետ Գլխավոր հանձնակատարն այցելել է Թագվոր և Թագուհի Մանուկյան հանգստյան տուն (Manoogian Manor), որն աջակցություն է տրամադրում հայ և օտարազգի ծերերին: Հաստատությունը հիմնադրվել է 1949 թվականին 13 հայ կանանց, ամբողջ համայնքի և Ալեք Մանուկյանի և իր տիկնոջ մեծ աջակցության շնորհիվ: Հանձնակատարը ծանոթացել է տան ամենատարեց բնակչի՝ հարյուրամյա Մարգարետի հետ, և լսեց նրա հայաստանյան այցերի պատմությունները:
Այնուհետ Գլխավոր հանձնակատարն այցելել է Սաութֆիլդ քաղաքի Սուրբ Հովհաննես հայ առաքելական եկեղեցի և կից համալիր։ Արժանապատիվ Տեր Արեն Ջեբեջյանը և Արմաշ քահանա Բաղդասարյանը Գլխավոր հանձնակատարին ներկայացրել են եկեղեցու պատմությունն ու գործունեությունը։ Եկեղեցին հայտնի է իր մեծ ոսկե գմբեթով, ընդարձակ եկեղեցական համալիրում են գտնվում ծխական խորհուրդը, կանանց գիլդիան, Կոմիտասի երգչախումբը, եկեղեցու կիրակնօրյա դպրոցը, Ամերիկայի հայկական եկեղեցու երիտասարդական կազմակերպությունը (ACYOA), Դեթրոյթի կրտսեր և ավագ մասնաճյուղերը, տղամարդկանց միությունը և հայկական ժառանգության և մշակույթի ճեմարանը:
Ամերիկահայ վետերանների շենքը նվիրված է Երկրորդ համաշխարհային և Կորեական պատերազմների վետերաններին: Եկեղեցական տարածքում են գտնվում նաև Ալեք և Մարի Մանուկյան թանգարանը, Էդվարդ և Հելեն Մարտիկյան գրադարանը և Փերիշ գրախանութը։
Զարեհ Սինանյանն այցելել է նաև Ալեք և Մարի Մանուկյան թանգարան, որը Հյուսիսային Ամերիկայի հայկական արվեստի և մշակույթի ամենամեծ թանգարանն է: Ութ պատկերասրահները ներկայացնում են Հայաստանի անցյալի և ներկայի եզակի պատկերները, նկարներ, սրբազան անոթներ և զգեստներ, գորգեր, կենցաղային և անձնական իրեր, վաղ տպագիր գրքեր, ձեռագրեր, գործվածքներ և հնագույն իրեր։
Հանձնակատարի հաջորդ այցը ՀԲԸՄ Ալեք և Մարի Մանուկյան դպրոց էր: Այն գտնվում է Միչիգան նահանգի Սաութֆիլդ քաղաքում և առաջարկում է անվճար, բազմամշակութային կրթություն: Դպրոցում ուսանում են նախադպրոցական տարիքից մինչև 12-րդ դասարանի աշակերտներ՝ բոլոր դասարանների համար հայոց լեզվի ուժեղացված ծրագրով: ՀԲԸՄ Ալեք և Մարի Մանուկյան վարժարանի միջին և ավագ դպրոցի ծրագրերը «U.S. World & News Report»-ի կողմից դասվել են ԳՏՃՄ+արվեստ (STEAM) կրթական մոտեցմամբ կենտրոնացած և քոլեջի նախապատրաստող դպրոցներ: Շրջայցի ընթացքում ավագ դպրոցի տնօրեն դոկտոր Հովսեփ Թորոսյանը ցույց է տվել STEAM ծրագրի համար դպրոցի վերջին ընդլայնումը, որը շուտով կունենա լիարժեք գործող ռոբոտաշինության արհեստանոց: Զարեհ Սինանյանը հնարավորություն է նաև ունեցել զրուցել հայերենի 12-րդ դասարանի աշակերտների հետ և նրանց ծանոթացրել մեր գրասենյակի աշխատանքին և Հայաստանում երիտասարդների հնարավորություններին։
Միչիգան այցի ավարտին Գլխավոր հանձնակատարը հանդիպում է ունեցել Մեծ Դեթրոյթի շրջանի տարբեր հայկական կազմակերպությունների, եկեղեցական և եկեղեցու տարածքում գործող կառույցների, կրթական, մշակութային միությունների ղեկավարների հետ։ Հանդիպման ընթացքում հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի ծրագրերը՝ ընդգծելով մասնագիտական հայրենադարձության կարևորությունը և պետական համակարգում բարձր որակավորում ունեցող աշխատակիցների անհրաժեշտությունը։
Զարեհ Սինանյանն ընդգրկուն անդրադարձ է կատարել նաև Հայաստան-սփյուռք գործակցության ներկայիս մարտահրավերներին և գրասենյակի կողմից սփյուռքի հետ առողջ հարաբերությունների ստեղծման և խորացման աշխատանքներին:
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով:
Արժանապատիվ Տեր Արեն Ջեբեջյանը շնորհակալություն է հայտնել Գլխավոր հանձնակատարին այցի և հանդիպումների համար՝ կարևորելով համայնքի հետ տեղում աշխատանքը:
Զարեհ Սինանյանն Էդվարդ և Հելեն Մարտիկյան գրադարանում հարցազրույց է տվել նաև «Armenian Mirror-Spectator» լրատվամիջոցի ներկայացուցիչներ Էդմոն Ազատյանին և Հարրի Կեզելյանին: Խորքային անդրադարձ է կատարվել Հայաստան-սփյուռք հարաբերություններին և գրասենյակի գործունեությանը:
Կարծիքներ