«Լուսավոր Հայաստան»-ն ընդունում է նախագահի հանդիպման հրավերը
ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ընդունում է նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման հրավերը՝ մասնակցելու երկրում ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկման և լուծումներ գտնելու: Այս մասին հայտնել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Ի պատասխան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից երեկ տարածված հայտարարության` «Լուսավոր Հայաստան» կուսակցության և ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից հայտարարում եմ, որ ընդունում ենք հրավերն ու պատրաստ ենք մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խորը ճգնաժամից հանելու համար»,-նշել է Մարուքյանը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 10-ին տարածած հայտարարությամբ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի քննարկման և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով ՀՀ վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին մարտի 13-ին, ժամը 12:00-ին հրավիրել է հանդիպման նախագահական նստավայրում:
Կարծիքներ