Անթալիայում ավարտվել է Լավրով-Չավուշօղլու հանդիպումը
Ռուսաստանի արտգործնախարար Սերյգեյ Լավրովն Անթալիայում բանակցություններ է վարել իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ: Թուրքական կողմի խնդրանքով հանդիպումն անցել է առանց փողկապների: Բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովը հայտնել է, որ կողմերը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ անցյալ տարվա նոյեմբերի 9-ին և այս տարվա հունվարի 11-ին ձեռք բերված համաձայնությունները:
«Պայմանավորվել ենք շարունակել սերտորեն համակարգել մեր ջանքերը՝ աջակցելով Բաքվին և Երևանին հարաբերությունների կարգավորման պրակտիկ հարցերի լուծման գործում՝ շեշտը դնելով վստահության ամրապնդման վրա: Մեզ գոհացնում է Ադրբեջանի Աղդամի շրջանում տեղակայված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերահսկման և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքը: Կարծիքներ ենք փոխանակել տեղում տիրող կոնկրետ իրավիճակի շուրջ: Վստահ ենք, որ իրավիճակի համալիր կարգավորման նպատակներին կծառայեն Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման, բազմապլանային տնտեսական համագործակցության առաջխաղացման ջանքերը ինչպես այնտեղ գտնվող երկրների, այնպես էլ նրանց հարևանների մասնակցությամբ, այդ թվում՝ Թուրքիայի և Ռուսաստանի»,- ասել է Լավրովը:
Կողմերը քննարկել են ռուս-թուրքական առևտրատնտեսական հարաբերությունները, ռազմատեխնիկական համագործակցությունը, կորոնավիրուսի դեմ պայքարը, ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը Թուրքիայում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայի հյուսիսում, Աֆղանստանում, Ուկրաինայում տիրող իրավիճակը և բազմաթիվ այլ հարցեր:
Կարծիքներ