2,5 կգ. «մարիխուանա» էր Գլոբինգով պատվիրել ու ստանալուց հետո ձերբակալվել.տեսանյութ

2,5 կգ. «մարիխուանա» էր Գլոբինգով պատվիրել ու ստանալուց հետո ձերբակալվել.տեսանյութ

Օրերս «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները մաքսային զննման են ենթարկել «Գլոբալ Շիփինգ» ՍՊ ընկերության՝ «Գլոբինգի» միջոցով ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: Զննման արդյունքում հայտնաբերվել է շուրջ 2400 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի դեղնականաչավուն զանգվածներով 112 թիթեղյա տարա:

Նույն օրը հիշյալ մաքսանենգության դեպքով որոշում է կայացվել անցկացնել «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» և «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումները։ Միաժամանակ, Օպերատիվ-հետախուզության և Զվարթնոց բաժինների աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների շրջանակում պարզվել է առաքանին ստացողի տվյալները։ Հիշյալ առաքանին, ըստ փաստաթղթերի, ստացող է հանդիսացել ՀՀ քաղաքացի Զ․Թ․-ն։

«Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի փոխարինված զանգվածների պարունակությամբ միջազգային սուրհանդակային առաքանին «Գլոբինգ» ընկերության Երևանի՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայում գործող սպասարկման սրահից ստանալուց հետո, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել և կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել առաքանին փաստացի ստացած ՀՀ քաղաքացի Վ․Հ․-ն: Նրա նկատմամբ կատարվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկություն, այնուհետև վերջինս տեղափոխվել է ՊԵԿ քննչական վարչություն:

Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմված մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրությունը, հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ միասին տրամադրվել է ՊԵԿ քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) հոդվածի հատկանիշներով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում