Որոշ շրջանակներ գերագնահատում են Հայաստանում հանրահավաք անցկացնելու իրենց ուժը. Նիկոլ Փաշինյան
Որոշ մարդիկ պետք է շնորհակալ լինեն, որ այս պահին երկրում արտակագ դրություն է, և օրենքով հավաքներն արգելված են: Այլապես Հեղափոխության կողմնակիցներն առնվազն մի քանի դեպքերում զանգվածային հավաքներ կանկացնեին և իրենց խոսքը կասեին մի շարք կոնկրետ դեպքերի, անձանց և շրջանակների գործունեության հետ կապված:
Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով ճեպազրույցի ժամանակ հնչած հարցին, թե ընդդիմադիր թևից հայտարարում են, որ երկրում արտակարգ դրության երկարացումը օգտագործվում է քաղաքական խնդիրների լուծման համար, մասնավորապես Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդման իրականացումը և այլն: Եվ սա այն պարագայում, երբ հավաքներն արգելված են, ու մարդիկ դրանց միջոցով չեն կարող արտահայտել իրենց կարծիքը:
«Թույլ տվեք նաև արձանագրել, որ որոշ նման մեկնաբանություններ ունեցող շրջանակներ գերագնահատում են Հայաստանում հանրահավաք անցկացնելու իրենց ուժը, և, եթե հանրահավաք ասելով նկատի ունեն սահմանափակ թվով մարդկանց 10.000 դրամով հրապարակ բերելը և հույսերը նրանց վրա է, ապա այդ հույսերը շատ արագ կփլուզվեն: Արտակարգ դրության ժամանակ, թե դրանցի հետո, կապ չունի»,-ասաց վարչապետը:
Ներկա պահին խնդիր է դրված, որ մարդիկ հնարավորինս քիչ վարակվեն: Այս կտրվածքում, եթե այսօր սահմանափակված է գիտական, բուհական, ուսումնական հասատությունների գործունեությունը, նման մեկնաբանություններն, ըստ վարչապետի, տեղին չեն:
«Իրավական հնարավորություն ի հայտ գալու պարագայում դեռ հարց է Հեղափոխության կողմնակիցնե՞րը, թե՞ կառավարության հակառակորդները ավելի շուտ և ավելի շատ, և ավելի մեծաքանակ և բազմաքանակ հանրահավաքներ կանցկացնեն: Եվ հարց է, ովքեր այդ հանրահավաքով շատ ավելի կոնկրետ, շատ ավելի գործնական, շատ ավելի արագ հարցեր կլուծեին, կամ դեռ կլուծեն դրանց միջոցով: Ամեն դեպքում, կապրենք՝ կտեսնենք»,-շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
Կարծիքներ