Անարդարության զգացում չունեմ. Սարգսյանը՝ Երևանի քաղաքապետի պաշտոնում Տիգրան Ավինյանի թեկնածությունն առաջադրելու մասին
Իմ պաշտոնավարմանը դեռ 1.5 տարի կա, դրանից հետո պարոն Ավինյանի թեկնածությունն է առաջադրվելու՝ որպես քաղաքապետի թեկնածուի։
Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Հարցին՝ անարդար չի՞ համարում թիմի կողմից իր փոխարեն քաղաքապետի պաշտոնում Տիգրան Ավինյանի թեկնածության առաջադրումը, քանի որ այդքան ջանք ու եռանդ է ներդնում իր աշխատանքում, Սարգսյանը ասաց․
«Անարդարության զգացողություն, որպես այդպիսին, չունեմ։ Ես անհամաձայնություն չեմ հայտնել այդ հարցի վերաբերյալ, 5 տարի էր՝ ես պաշտոնավարում էի որպես քաղաքապետի առաջին տեղակալ, այդ հինգ տարին, կարծում եմ, բավարար էր: Միգուցե այլ աշխատանքի անցնեմ, ու այն փորձը, որը կուտակել եմ այստեղ, արդյունավետ օգտագործեմ այնտեղ»,- ասաց Սարգսյանը։
Հարցադրմանը, եթե Տիգրան Ավինյանն ընտրվի Երևանի քաղաքապետի պաշտոնում, կցանկանա՞ մնալ թիմում, և աշխատեն միասին, Հրաչյա Սարգսյանն ասաց. «Ես, կարծում եմ, այս քննարկումը հիմա արդիական չէ: Երբ ընտրությունները լինեն, նոր այդ հարցին կպատասխանեմ»:
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտնեց՝ ՔՊ քաղաքապետի թեկնածուն լինելու է ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Կարծիքներ