Դատարանի վճռով հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 4 մլրդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանի կողմից այսօր կայացրած վճռի հիման վրա գործարար Սամվել Մայրապետյանից և «Գլոբուս» ՍՊ ընկերության տնօրեն Գ․ Հակոբջանյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 4 մլրդ դրամ գումար։
«Դատարանի վճռով հաստատված է համարվել, որ Սամվել Մայրապետյանը և Գ. Հակոբջանյանը չեն ներառել «Գլոբուս» ՍՊ ընկերության փաստացի եկամուտը հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում և այդ կերպ պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկ (ավելի քան 4 միլիարդ դրամ):
Մասնավորապես, Երևան քաղաքի Տերյան 66 հասցեում 2006թ. կառուցվել է ընդհանուր 28650,63 քմ մակերեսով բնակելի շենք։ Կառուցումից անմիջապես հետո Սամվել Մայրապետյանը 2006 թ. ընթացքում ընկերության տնօրեն Գ. Հակոբջանյանի միջոցով կազմակերպել է «Գլոբուս» ՍՊԸ-ին պատկանող՝ նշված բնակելի շենքի թվով 141 միավոր անշարժ գույքերն ընկերության կողմից առուվաճառքի պայմանագրերում` շուկայական արժեքներից էականորեն ցածր գներ նշելու գործընթացը:
Այսպես, կնքվել են առուվաճառքի պայմանագրեր, որոնցում բնակարանների 1 քմ արժեքը նշվել է շուրջ 66 հազար դրամ` 770 հազար դրամի փոխարեն,
ավտոկայանատեղիների արժեքը՝ շուրջ 75 հազար դրամ` 160 հազար դրամի փոխարեն,
ոչ բնակելի տարածքների արժեքը՝ շուրջ 61 հազար դրամ` 875 հազար դրամի փոխարեն:
Հավելենք, որ սա Հակակոռուպցիոն դատարանում պետական շահերի պաշտպանության գործով առաջին վճիռն է, որով նման մեծ գումար է փոխանցվելու պետական բյուջե։
Հիշեցնենք, որ վճիռը մեկամսյա ժամկետում չբողոքարկելու դեպքում կստանա օրինական ուժ։
Վճիռը՝ ստորև:
Կարծիքներ