Զարուհի Բաթոյանը ներկայացրել է իր պատգամավորական գործունեության 2024 թվականի ամփոփ հաշվետվությունը
ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է պատգամավորական գործունեության 2024 թվականի ամփոփ հաշվետվությունը, կից գրելով՝
«2024-ին աշխատել եմ հավատարիմ մնալ այն սկզբունքներին և ոլորտներին, որոնք առաջնահերթ են եղել ինձ համար, մասնավորապես՝ սոցիալական արդարությանը, ներառականությանը և հավասար հնարավորությունների խթանմանը, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությանը։
Այս իմաստով շատ խնդիրներ դեռևս արդիական են և շարունակական աշխատանք են պահանջում։ Նախորդ մեկ տարվա ընթացքում այդ ուղղությամբ ոչ միայն օրենսդրական նախաձեռնություններով եմ հանդես եկել, այլ նաև առաջարկներ եմ ներկայացրել քաղաքականությունների մշակման վերաբերյալ՝ ապահովելով շահառուների անմիջական մասնակցությունը բոլոր գործընթացներում։ Քաղաքացիների հետ կապը, նրանց բարձրացրած խնդիրները՝ աշխատել եմ պահել իմ ուշադրության կենտրոնում։
Ներկայացնում եմ իմ պատգամավորական գործունեության 2024 թվականի ամփոփ հաշվետվությունը։
Որպես հեղինակ և համահեղինակ, մշակել եմ օրենսդրական երեք նախաձեռնություն, որոնք երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել են Ազգային ժողովի կողմից. մասնավորապես՝
1. ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով․
2. «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով հունիսի 17-ը ՀՀ-ում սահմանվում է «Հայրերի օր»․
3. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով 16 տարին լրացած անձը (պացիենտը) իրավունք կունենա մատչելի ձեւով ստանալու տեղեկություն իր առողջական վիճակի, հիվանդության ախտորոշման, տրամադրված (տրամադրվող) բժշկական օգնության եւ սպասարկման, այդ թվում՝ բուժման մեթոդների ընտրության, կիրառման ընթացքի եւ արդյունքների, ինչպես նաեւ դրանց հետ կապված ռիսկերի վերաբերյալ․
Մշակել և աշխատանքային կարգով քննարկել եմ օրենսդրական 9 նախագիծ, որոնք վերաբերում են երեխայի իրավունքներին, ՀԿ ոլորտին, հարկային ոլորտին, հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանը, վերարտադրողական և սեռական առողջությանը և այլն։
Քաղաքականությունների լավարկման նպատակով ՀՀ Կառավարությանը, Երևանի քաղաքապետարանին ներկայացրել եմ առաջարկներ՝ տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի և ծառայությունների վերաբերյալ։ Դրանք առնչվել են առևտրի և հանրային սննդի օբյեկտների, հասարակական վայրերի մատչելիությանը, բնակարանների հարմարեցմանը, սոցիալական տաքսի ծառայության ներդրմանը, միջհամայնքային տրանսպորտի ֆինանսական մատչելիությանը, անձնական օգնականի ծառայությունների տրամադրման կարգին, հաշմանդամության գնահատման համակարգին, ինչպես նաև ներառական կրթության արդյունավետության բարձրացմանը։
2024-ի ընթացքում ունեցել եմ 17 աշխատանքային քննարկում, որոնցից 9-ը նախաձեռնել եմ ինքս՝ Կառավարության ներկայացուցիչների, ԱԺ պատգամավորների, Երևանի քաղաքապետարանի, միջազգային կազմակերպությունների և քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։
Քննարկումները մասնավորապես վերաբերել են՝
կանանց սեռական և վերարտադրողական իրավունքներին, սեռական բռնության դեպքերի արձանագրմանն ու փորձաքննությանը վերաբերող խնդիրներին,
աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանության մեխանիզմներին,
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական իրավունքներին,
«Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին,
ժեստերի լեզվի թարգմանիչների կրթությանը և հավաստագրմանը, հեռուստաեթերի մատչելիությանը, ՀԿ ոլորտի գործունեության լավարկմանն ուղղված օրենսդրությանը և այլն։
Մասնակցել եմ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Երևանի քաղաքային հանձնաժողովի և Ազգային հանձնաժողովի նիստերին, ներկայացրել առաջարկներ, որոնք վերաբերում են սոցիալական ծառայություններին և մատչելիության հիմնախնդիրներին։
Կարևորելով հաշվետվողականությունը և հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում՝ Ազգային ժողովում նախաձեռնել եմ Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագրի 2023 թվականի հաշվետվության քննարկումը՝ հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների և Կառավարության անդամների մասնակցությամբ։
Հաշվետու տարվա ընթացքում մասնակցել եմ 33 հանրային միջոցառման, որպես խոսնակ հանդես եմ եկել 7 միջոցառումներում՝ ելույթ ունենալով կանանց առաջնորդության, հավասար հնարավորությունների, ներառական հասարակության գաղափարների, ինչպես նաև 2024թ․-ի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Ընտանեկան բռնության օրենքի հիմնական փոփոխությունների և դրանց նպատակների վերաբերյալ։
Մատչելիության մոնիթորինգ եմ իրականացրել ԵՊՀ-ում և Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 դպրոցում:
Քաղաքացիներից ստացել եմ շուրջ 210 դիմում-նամակ, նրանց բարձրաձայնած խնդիրների հիման վրա գրություններ եմ ուղարկել պետական տարբեր գերատեսչություններ։
Ազգային ժողովում և առցանց իրականացրածս ընդունելությանը մասնակցել է 15 քաղաքացի:
Քաղաքացիների բարձրացրած հարցերի առնչությամբ կազմակերպվել են թեմատիկ քննարկումներ և հանդիպումներ։
Պետական գերատեսչություններին ընդհանուր առմամբ ուղարկել եմ 51 գրություն, որից՝
3-ը՝ առաջարկներ ՀՀ Կառավարությանը՝ տարբեր ոլորտներում իրականացվող քաղաքականությունների լավարկման,
ծառայությունների մատուցման վերաբերյալ.
33-ը՝ քաղաքացիների բարձրաձայնած խնդիրների առնչությամբ.
15-ը՝ հարցումներ պետական տարբեր մարմիններին։
Խորհրդարանական դիվանագիտության շրջանակում հանդիպում եմ ունեցել Մեծ Բրիտանիայի խորրդարանի և ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի ներկայացուցիչների հետ:
Հանդիպումներ եմ ունեցել նաև Լիտվայի Հանրապետության պետական հիմնարկների արհմիությունների ներկայացուցիչների և Ֆրանսիայի դեսպանության դիվանագետների հետ:
Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հրավերով Գերմանիայում մասնակցել եմ ճանաչողական այցի։ Ազգային ժողովի և ԱՍՀՆ գործընկերներիս հետ ծանոթացել ենք Գերմանիայի աշխատաշուկայի մարտահրավերներին, սոցիալական ոլորտի քաղաքականությանը։
Տարբեր գերատեսչությունների հետ հանդիպումների ժամանակ քննարկել ենք ԳԴՀ այնպիսի ոլորտների ծրագրեր և նախագծեր, որոնք մասնավորապես վերաբերում էին ճկուն աշխատաժամանակին, աշխատանքային անվտանգությանը, խտրականության բացառմանը, հավասար հնարավորություններին և այլն։
«ՕքսԵՋեն» հիմնադրամի հրավերով մասնակցել եմ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ՀԱՎԱՍԱՐ–ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսումնական այցին դեպի Նիդերլանդներ:
Այցի հիմնական նպատակն էր հնարավորություն տալ Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում գործող կառույցներին եւ մասնագետներին ուսումնասիրել այդ ոլորտում գործող ԵՄ մեխանիզմներն ու փորձը՝ Նիդերլանդների օրինակով, եւ քարտեզագրել լավագույն պրակտիկաները։ Այցելության ընթացքում կազմակերպվել են քննարկումներ եւ հանդիպումներ պետական եւ ոչ պետական կառույցների եւ տարբեր դերակատարների հետ:
2024 թ․-ի ընթացքում Ազգային ժողովի լիագումար նիստերի ժամանակ հնչեցրել եմ 21 հարց, որոնք վերաբերել են սոցիալական, կրթական, տնտեսական, իրավական, առողջապահության ոլորտներին, մարդու իրավունքների պաշտպանությանը, ՀՀ պետական բյուջեի կատարողականին։
Ունեցել եմ 11 ելույթ աշխատանքային իրավունքների պաշտպանության խնդիրների, երեխաների կրթական, առողջապահական քաղաքականության, Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա վերաբերյալ և այլն։ 2024 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում ստացել եմ ընդհանուր վճարված 13,192,350 ՀՀ դրամ՝ որպես աշխատավարձ, պարգևավճար, պատգամավորական վճար, արձակուրդային։
2024 թվականի ընթացքում ունեցել եմ 14 հարցազրույց (ALIQ media, Առաջին ալիք, Շանթ հեռուստաընկերություն, Խորհրդարանական շաբաթ (ԱԺ), Հանրային ռադիո, Factor.am, Civic.am, Ազատություն Ռադիոկայան)։
Իմ գործունեության մասի ն հանրությանն իրազեկել եմ պաշտոնական էջերում շուրջ 400 հրապարակումների միջոցով»։
Կարծիքներ