Զովունիում ավտոմեքենաների գազաբալոնների տեղադրման կայանում պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվում են մարզի Նաիրի համայնքի Զովունի բնակավայրում հունվարի 17-ին տեղի ունեցած պայթյունի և դրա արդյունքում մի քանի անձանց այրվածքներ ստանալու դեպքի հանգամանքները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից:
«2023 թվականի հունվարի 17-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 17։30-ի սահմաններում, Զովունի բնակավայրի 1-ին փողոցում գտնվող գազաբալոնների տեղադրման կայանում տեղի է ունեցել պայթյուն և կան տուժածներ։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Պարզվել է, որ կայանում ավտոմեքենայի վրա համապատասխան աշխատանքներ կատարելիս եղել է հեղուկ գազի արտահոսք, որի այրման պատճառով տեղի է ունեցել պայթյուն։ Դրա հետևանքով երեք անձինք ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն։ Բացի այդ, վնասներ են կրել նաև կայանի շինությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են դեպքի վայրում գտնվող և դեպքին առնչություն ունեցող մի շարք անձինք։ Նկատի ունենալով, որ կայանը հանդիսանում է արտադրական վտանգավոր օբյեկտ, որտեղ մատուցվում են գազաբալոնների տեղադրման, ինչպես նաև գազաբալոնների ստուգման ծառայություններ, վերցվել են վերջինիս գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերը։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ինչպես նաև դատահրդեհատեխնիկական, դատապայթյունատեխնոլոգիական, դատաշինարարատեխնիկական, դատաապրանքագիտական, դատաճարտարագիտատեխնիկական համալիր փորձաքննություն։
Նշվում է, որ նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները պայթյունի պատճառները լիարժեք պարզելու ուղղությամբ։
Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ