Ուկրաինացիները Գերմանիայից ստացած զենքով կարող են հարվածել Ռուսաստանի որոշ տարածքների
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ ուկրաինական զինուժին կթույլատրվի Բեռլինից ստացած զենքով հարվածել միայն Խարկովի մարզին սահմանակից ռուսական դիրքերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է РИА-Новости-ն:
Հայտարարությունը Պիստորիուսը հնչեցրել է երկրի խորհրդարանում՝ պատասխանելով պատգամավորներից մեկի համապատասխան հարցին: «Օգտագործումն (Բեռլինի մատակարարած զենքի - խմբ.) արտոնելու մասին կանցլերի որոշումը սահմանափակվում է կիրառումը Ուկրաինայի որոշ շրջաններով, ինչը սահմանափակում է նաև հարձակումների նպատակով դրանց օգտագործումը: Այնպես որ, կարծում եմ, ավելացնելու ոչինչ չկա»,- նշել է Պիստորիուսը:
Այդ որոշումը հաստատել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Վոլֆգանգ Բյուխները՝ հավաստիացնելով, որ դրանով Գերմանիան չի դառնա հակամարտության կողմ։
Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը РИА Новости-ին հայտնել էր, որ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինային արտոնել է ամերիկյան զենքը օգտագործել Ռուսաստանի տարածքում գտնվող հակամարտկոցային այն թիրախների դեմ, որոնք սպառնում են Խարկովի շրջանին, սակայն ուժի մեջ է թողել ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռների և հեռահար կրակի այլ միջոցների օգտագործման արգելքը:
Մինչ այդ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել էր, որ դաշինքի որոշ երկրներ, ներառյալ Մեծ Բրիտանիան, ի սկզբանե առանց սահմանափակումների են զինել Կիևին: Հունիսի 2-ին Ֆրանսիան էր թույլատրել Ուկրաինային օգտագործել իր հեռահար Storm Shadows/Scalps հրթիռները՝ ռուսական տարածաշրջաններին հարվածելու համար։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչները պետք է տեղյակ լինեն, թե «ինչի հետ են խաղում»:
Կարծիքներ