Կոտայքի մարզպետը և Ֆրանսիայի դեսպան Լույոն զրուցել են մարզի զարգացման հեռանկարների շուրջ

Կոտայքի մարզպետը և Ֆրանսիայի դեսպան Լույոն զրուցել են մարզի զարգացման հեռանկարների շուրջ

Ընդունել եմ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին՝ Ֆեյսբուքում գրել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: 

 

Ողջունելով դեսպանին և դեսպանության ներկայացուցիչներին՝ մարզպետը կարևորել է երկու երկրների միջև առկա բարեկամական ամուր կապը, շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար ծանր ժամանակահատվածում բարեկամ Ֆրանսիայի ցուցաբերած շարունակական աջակցության և վերաբերմունքի համար:

 

Ահարոն Սահակյանը և դեսպան Լույոն զրուցել են մարզի զարգացման հեռանկարների մասին, անդրադարձել են զբոսաշրջության, մշակույթի, գյուղատնտեսության, ինչպես նաև տնտեսական ոլորտներին:

 

«Պիտի նշեմ, որ ֆրանսիական կողմի հետ բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվել նախորդ տարիներին, և այսօր էլ պատրաստ ենք համատեղ ծրագրեր իրականացնել՝ ի շահ մեր երկու պետությունների և ի բարօրություն մեր ժողովուրդների»,- նշել է մարզպետը և ավելացրել, որ տիկին դեսպանը խոսել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովի մասին, որը կկայանա Լիոնում։

 

Դեսպանը հետաքրքրվել է մարզի ունեցած պոտենցիալից և հայտնել, որ պատրաստ է աջակցել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք էլ ավելի կամրապնդեն հայ-ֆրանսիական հարաբերությունները և տարբեր ուղղություններով նոր համագործակցությունների հիմք կդառնան:

 

«Դեսպանի հետ նաև այցելել ենք Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց, որտեղ ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցում է իրականացվում: Դպրոցում ներկա ենք եղել ֆրանսերենի յուրօրինակ միջոցառմանը. աշակերտներն առիթ են ունեցել շփվելու դեսպանի հետ նաև ֆրանսերենով»,- գրառման վերջում նշել է Կոտայքի մարզպետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում