Թբիլիսին մերձեցնում է Երևանին և Բաքվին, հետաքրքիր նախադեպ է. Ղարիբաշվիլի

Թբիլիսին մերձեցնում է Երևանին և Բաքվին, հետաքրքիր նախադեպ է. Ղարիբաշվիլի

Վրաստանի խաղաղ նախաձեռնությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև տվել է կոնկրետ արդյունքներ:

Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ներկայացնելով 2023 թվականի արդյունքների վերաբերյալ կառավարության զեկույցի արտաքին քաղաքական մասը։

Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանությունները սերտ բարեկամական հարաբերություններ են պահպանում տարածաշրջանի գործընկերների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

«Մենք, անշուշտ, շահագրգռված ենք տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատմամբ։ Վրաստանը կարևոր ներդրում ունի այս նպատակին հասնելու գործում։ Որոշ ժամանակ առաջ Վրաստանում էին Ադրբեջանի ու Հայաստանի վարչապետերը, և մենք բացառիկ հնարավորություն ունեցանք եռակողմ հանդիպում անցկացնելու։ Կարծում եմ, որ սա հետաքրքիր նախադեպ էր, որը մենք ձեռք բերեցինք»,- ասել է նա:

Ղարիբաշվիլին հիշեցրել է, որ հարևան երկրների միջև ինտենսիվ այցեր են իրականացվել:

«Ես մի քանի անգամ եղել եմ Ադրբեջանում, Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը եղել են Վրաստանում։ Մենք շարունակում ենք մեր բարձր մակարդակի ռազմավարական գործընկերությունն ու համագործակցությունը Թուրքիայի հետ»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում