Փաշինյանը ներկայացրեց կոմունիկացիաների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի գործունեության արդյունքները
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի (համանախագահությամբ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի) կատարած աշխատանքների վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը թեմայի վերաբերյալ խոսել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Անդրադառնալով հարցին, թե աշխատանքային խմբի անցկացրած 8 հանդիպումների արդյունքներով կա՞ն առարկայական, երևացող միտումներ՝ վարչապետը պատասխանել է․
«Եռակողմ աշխատանքային խումբն ահռելի աշխատանք է կատարել, որը ես բարձր եմ գնահատում։ Պետք է ասեմ, որ սկզբից կատարվել է տեխնիկական աշխատանք։ Օրինակ՝ ինչ ճանապարհներ են գոյություն ունեցել և ինչ ճանապարհներ կարող են գոյություն ունենալ։ Ես ուզում եմ, որ մենք անդրադառնանք նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի բովանդակությանը։ Այդ կետի առաջին նախադասությամբ ասվում է, որ բացվում են տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաները, որից հետո անդրադարձ կա այն մասին, որ Հայաստանը երաշխավորում է տրանսպորտային հաղորդակցությունը Նախիջևանի և Ադրբեջանի միջև, որից հետո խոսք է գնում կողմերի համաձայնությամբ նոր տրանսպորտային կոմունիկացիաների կառուցման վերաբերյալ։ Ինչի՞ մասին է այս տեքստը։ Սա նրա մասին է, որ գոյություն ունեցած կոմունիկացիաները պետք է բացվեն, և, եթե ժամանակի ընթացքում պարզվի, որ բեռնափոխադրումներն այնքան ծավալուն են, որ արդեն մենք նոր կոմունիկացիաների մասին պիտի մտածենք, այդ ժամանակ պիտի մտածենք նոր կոմունիկացիաների մասին»։
Վարչապետը հավելել է՝ շատ կարևոր է արձանագրել, որ հայկական կողմի ընկալումն այն է, որ, Ադրբեջանը պիտի ՀՀ սուվերեն ճանապարհներով Նախիջևանի հետ հաղորդակցվելու հնարավորություն ունենա, ՀՀ-ն էլ իր հերթին Ադրբեջանի տարածքով հաղորդակցություն պիտի ունենա Իրանի և ՌԴ-ի հետ։ «Երբ մենք խոսում ենք, որ Ադրբեջանը հաղորդակցություն կունենա Նախիջևանի հետ, խոսում ենք նաև նրա մասին, որ Ադրբեջանը հաղորդակցություն կունենա նաև Թուրքիայի հետ։ Այսինքն, այստեղ չի կարող խոսքը լինել միայն ներքին հաղորդակցությունների մասին, մենք նաև միջազգային հաղորդակցության թեման ենք հետապնդում, որպեսզի կարողանանք գալ հնարավորինս արագ լուծումների»,- մանրամասնեց Փաշինյանը։
Վարչապետը հավելեց, որ աշխատանքային խումբը գծագրել, ուսւմնասիրել է բոլոր հնարավոր երթուղիները՝ Իջևան-Ղազախ հատված, Բերդ-Թովուզ հատված, Անգեղակոթ-Բիչենեք հատված, Հորադիզ-Երասխ հատված, Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Երասխ հատված։ «Եվ մեր ընկալումն այն է, որ Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին պետք է կառուցվի, ՀՀ-ն՝ իր տարածքում, Ադրբեջանը՝ իր տարածքում։ Աշխատանքային խումբը սեղանին դրել է բոլոր ուղիները՝ նաև ՌԴ և իրան հասանելիութան ուղիները, և մենք հիմա քննարկումներով պետք է գանք համաձայնության այդ երթուղիների վերաբերյալ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ տեխնիկական մասը իրականում աշխատատար, բայց ամենադժվար մասը չէ, ամենադժվար մասը հենց բանաձևերի խնդիրն է, թե ինչ բանաձևերով պետք է կոմունիկացիաները բացվեն և աշխատեն։ «Բանաձևերի հետ կապված հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ շատ հստակ գրված է, նաև նախորդ օրը Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկն այդ մասին խոսեց, որ արձանագրված է, որ այդ սահմանային կետերում պետք է գոյություն ունենան մաքսային, անձնագրային, ֆիտոսանիտարական հսկողության կետեր։ Սրանք նրբություններ են, որտեղ պետք է նրբորեն աշխատել և քննարկել։ Այս գործընթացը գնում է, բայց ունի դժվարություններ, կան նաև տեխնիկական հարցեր․ աշխատանքային խումբը ներկայացրել է, թե որ տեխնիկական խնդիրը ինչպես կարելի է լուծել, բայց մնացածը քաղաքական որոշումների տիրույթում է մնում, որոնք չեն կարող չկրել տեխնիկական հիմնարարների ազդեցությունը, որոնք գոյություն ունեն»,- նշել է Փաշինյանը։
Անդրադառնալով հարցին, թե կարելի է ՌԴ ԱԳՆ-ի վերջին հայտարարությունից հետո, որտեղ ասվում է, որ եթե ճանապարհները բացվեն, ապա երկրները պետք է իրենց տարածքում ճանապարհների վերահսկողության սուվերեն իրավունք ունենան, միջանցքի հետ կապված զարգացումների թեման փակված համարել՝ Փաշինյանն ասել է․ «Այդ թեման փակված է եղել դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ին, երբ հայտարարությունը ստորագրված է եղել, և ես այդ թեմայով բազմիցս եմ արտահայտվել։ Մյուս կողմից ես շատ բարձր եմ գնահատում Ռուսաստանի դիրքորոշման հրապարակայնացումն այս հարցում, որովհետև մեծ հաշվով Ռուսաստանը երբեք այլ դիրքորոշումչի ունեցել։ Պիտի արձանագրենք, որ հրապարակարայնացվել է նաև Ադրբեջանի դիրքորոշումը, որովհետև հստակ ասվում է, որ եռակողմ աշխատանքային խմբում կողմերն այդ մասին պայմանավորվել են։ Ես կուզենայի ձեր ուշադրությունը հրավիրել նաև նախորդ օրը Թուրքիայից հնչած հայտարարությանը, որտեղ նրանք, ճիշտ է օգտագործում են միջանցք արտահայտությունը, բայց ասում են, որ այդ միջանցքը պետք է լինի Հայաստանի վերահսկողության ներքո։ Այսինքն, իրականում մենք կարող ենք արձանագրել, որ, անկախ բառամթերքի նախընտրություներից, մենք խոսում ենք տարածաշրջանային կոմունիկացինարի բացման մասին։ Եվ պիտի ասեմ, որ ՀՀ-ն շահագրգռգռված է տարածաշրջանի կոմունիկացիաների բացմամբ, ես բազմիցս այդ մասին հրապարակել եմ։ Ադրբեջանն էլ է շահագրգռված, ՌԴ-ն էլ է շահագրգռված, Իրանն էլ Թուրքիան էլ շահագրգռված են։ Խնդիրն այստեղ բանաձևերի վերաբերյալ ընկալումները նույնակացնելու և մոտեցնռելու մասին է»,- եզրափակել է վարչապետը։
Կարծիքներ