Օդանավում ուղևորներ չեն եղել, օդաչուները եղել են օտարերկրյա քաղաքացիներ. Քաղավիացիայի կոմիտեն հայտնում է նոր մանրամասներ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նոր մանրամասներ է ներկայացրել հայկական գրանցմամբ օդանավի առևանգման մասին լուրերի վերաբերյալ: Ներկայացնում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հաղորդագրությունը.
«Հարգելի քաղաքացիներ, հաշվի առնելով հանրության մոտ առաջացած մի շարք հարցերը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ նշված օդանավում ուղևորներ չեն եղել, իսկ օդաչուներն եղել են օտարերկրյա քաղաքացիներ: Թռիչքը կրել է տեխնիկական բնույթ, վայրէջքի մասին տեղեկատվությունը քննության փուլում է: Չարտոնված թռիչքուղու և չարտոնված վայրէջքի վերաբերյալ Կոմիտեում ընթանում է քննություն:
Ելնելով քննության շահերից՝ Կոմիտեն կտեղեկացնի վերջնական արդյունքների մասին, քննության ավարտից հետո»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մեկ այլ հաղորդագրություն էր տարածել. «Հարգելի քաղաքացիներ, 2021 թվականի փետրվարի 22-ից մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից:Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ: Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն»:
ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, թե փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական Ավիացիայի գլխավոր վարչության կողմից հայկական գրանցմամբ EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առևանգման մասին: «Օդանավը թռիչք է կատարել Էստոնական Տալլինից, և, ըստ պլանի պետք է վայրէջք կատարեր Երևանում: Բայց դրա փոխարեն օդում որոշում է կայացվել գնալ Էմիրաթներ, տեխսպասարկման: Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում»,- գրել է Ճաղարյանը:
Կարծիքներ