Ովքեր պնդում են, թե ԼՂ-ն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Վերջին շրջանում ԵԱՀԿ ՄԽ բանակցած փաթեթների մասին մինչ օրս չներկայացված իրարամերժ մանրամասներ են հնչում իշխանության և ընդդիմության կողմից։ Ի վերջո, ինչի՞ շուրջ էր 30 տարվա բանակցությունը։
«Ռադիոլուրին» տված բացառիկ հարցազրույցում պատասխանելով այս հարցին, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին ասել է.
«Այս դեբատի մեջ ես չեմ ուզում մտնել։ 30 տարուց ավելի բանակցություններ են տեղի ունեցել, որոնք, իսկապես, արդյունք չեն տվել։ Դրա ապացույցն այսօրվա իրավիճակն է։ Կարծում եմ, որ այսօր կարևոր հարցն այն է, որ խաղաղության բանակցություններն, ի վերջո, արդյունք տան, որպեսզի մարդիկ կարողանան ապրել խաղաղ և անվտանգ պայմաններում։ Կարծում եմ, որ ժողովուրդների ցանկությունը հենց սա է»։
Եթե այս հարցը միջազգային իրավունքի տեսանկյունից դիտարկենք, ապա այս 30 տարվա բանակցային փաթեթներում միշտ հավասարության նշան է դրվել տարածքային ամբողջականության, ինքնորոշման եւ ուժի չկիրառման իրավունքների միջև։ Կարո՞ղ ենք ասել, որ ինքնորոշման իրավունքը պարտվեց։
Պատասխանելով հարցին, դեսպանը նշել է, որ եթե խոսվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին, ապա Լեռնային Ղարաբաղը որպես պետություն չի ճանաչվել ոչ միջազգային հանրության, ոչ էլ նույնիսկ Հայաստանի կողմից։
«Ի դեպ, Հայաստանն էլ ընդունել է, ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում Ալմա Աթայի հռչակագրի ընդունման պահից սկսած, քանի որ ԼՂ–ն Սովետական Ադրբեջանի մի շրջան էր։ Հետևաբար, նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա Աթայի հռչակագրի պահից սկսած։ Ի դեպ, Պրահան ընդամենը հղում է անում, հիշեցնում է Ալմա Աթայի հռչակագիրը։ Եվ այսօր հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս հասնել խաղաղության՝ արդար, կայուն, ամուր խաղաղության, որպեսզի վերացվեն Հայաստանի վրա կախված սպառնալիքները»,- ասել է դեսպանը:
Կարծիքներ