Խեցգետնի պաշարը Սևանա լճում կազմում է 105 տոննա
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրեց Սևանա լճում և նրա ջրահավաք ավազանում ձկնատեսակների, խեցգետնի արդյունագործական պաշարների չափերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՀՀ 2020 թ պետական բյուջեի կատարան մասին» տարեկան հաշվետության ներկայացմանը նա, մասնավորապես, ասաց, որ Սևանա լճի համալիր ծրագրով 2020-ին նախատեսված է եղել 2 միջոցառում, փաստացի ծախսը կազմել է 68.2 մլն դրամ, որից Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարի հաշվառման համար՝ 7.6 մլն դրամ: Նա ներկայացրեց Սևանա լճի ձկնատեսակները, խեցգետնի արդյունագործական պաշարները՝ համաձայն ԳԱԱ-ի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի՝ «Սևանա լճում և նրա ջրահավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարի հաշվառում» միջոցառման ավարտական հաշվետվության:
«2020 թվականին սիգը կազմել է 586 տոննա, արծաթափայլ լճածածան (կարասը)՝ 27 տոննա, Սևանի իշխանը՝ 4.56 տոննա: Խեցգետնի ընդհանուր պաշարը ուսումնասիրություններով այս պահին կազմում է 105 տոննա»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
Սևանա լճի ջրածածկ տարածքներից 2005-2020 թթ. մաքրվել է 2300 հա, որից 1983 հա՝ պետբյուջեի միջոցներով, 321 հա՝ ֆիզիկական անձանց կողմից: Հետագա մաքրման ենթակա տարածքը կազմում է շուրջ 1545 հա:
2020 թվականի պետական բյուջեով Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացված 5 ծրագրերում ներառված 29 միջոցառումների համար նախատեսված է եղել շուրջ 7 մլրդ 578 մլն դրամ: Նախարարության 2020 թվականի պետական բյուջեն, առանց միջազգային դրամաշնորհային ծրագրերի, կատարվել է 90.5 տոկոսով: Փաստացի ծախսը կազմել է 5 մլրդ 421 մլն դրամ, որը 2019-ի ցուցանիշից ավել է 221 մլն դրամով կամ մոտ 4.3 տոկոսով: Դա հիմնականում պայմանավորված է հիդրոօթերևութաբանության ծրագրի՝ Շրջակա միջավայրի նախարարության բյուջե ներառմամբ:
Կարծիքներ