Վարուժան Ներսեսյանը ՄԹ նախարարին է ներկայացրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին զարգացումները

Վարուժան Ներսեսյանը ՄԹ նախարարին է ներկայացրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին զարգացումները

Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն այսօր հանդիպել է ՄԹ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով նախարար Ջեյմս Քլեվերլիի հետ։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին:

Դեսպան Ներսեսյանը ներկայացրել է Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին զարգացումները, մասնավորապես` ադրբեջանական զինված ուժերի` Արցախի խաղաղ բնակչության դեմ շարունակվող սադրանքները, նրանց ահաբեկելու և հոգեբանական ճնշումներ գործադրելու անդադար փորձերը, հրադադարի խախտման դեպքերը և դրանց հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամը։

Դեսպան Ներսեսյանն ընդգծել է իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ ՄԹ և միջազգային հանրության կողմից հրատապ քայլերի իրականացման, ինչպես նաև հավասարակշռված և հասցեագրված մոտեցման անհրաժեշտությունը: Քննարկվել են երկկողմ փոխգործակցության մի շարք ուղղություններ, որոնք կնպաստեն երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը:

Դեսպանն անդրադարձել է նաև Միացյալ Թագավորության՝ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացի նշանակությանը՝ բարձր գնահատելով Միացյալ Թագավորության կողմից ցուցաբերված աջակցությունը։

Կողմերն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին՝ նշելով, որ այդ ժամանակաշրջանում լուրջ աշխատանք է կատարվել հայ-բրիտանական երկկողմ օրակարգը հարստացնելու ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում