2024-ին ՊԵԿ-ի կողմից ապահովված հարկային եկամուտներն ու պետական տուրքերն աճել են 5.1 տոկոսով. Էդուարդ Հակոբյան

2024-ին ՊԵԿ-ի կողմից ապահովված հարկային եկամուտներն ու պետական տուրքերն աճել են 5.1 տոկոսով. Էդուարդ Հակոբյան

Պետական եկամուտների կոմիտեի կողմից 2024 թվականի ընթացքում ապահովվել է շուրջ 2,390.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 117.0 մլրդ դրամով կամ աճը կազմել է 5.1 տոկոս:

Այս մասին ամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:

Մասնավորապես, հարկային մարմինների կողմից գանձվել են ավելի քան 1,940 մլրդ դրամի, իսկ մաքսային մարմինների կողմից՝ ավելի քան 450 մլրդ դրամի մուտքեր: ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ, 2024 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներն ապահովվել են տնտեսության զարգացումներին համահունչ: Վերջին տարիներին դրական դինամիկա է արձանագրվել ծախսարդյունավետության մասով․հարկային եկամուտների հավաքագրման վրա կատարված ծախսերի կշիռը պահպանվել է գրեթե նույն՝ 1․1% մակարդակում։

Պետական եկամուտների կոմիտեի և Ֆինանսների նախարարության կողմից՝ մինչև 2023 թվականի համար կատարված գնահատականները (օբյեկտիվ պատճառներով դեռևս բացակայում են 2024 թ․ գնահատումները) հուշում են, որ հարկային վարչարարության ճեղքը (փաստացի և տրված օրենսդրության պայմաններում պոտենցիալ եկամուտների միջև շեղումը, որն, ըստ էության, ստվերային եկամուտներն են) վերջին 3 տարիներին ՀՆԱ-ում միջինում

0.3-0․4 տոկոսային կետով նվազել է: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր տարի 30-40 մլրդ դրամ լրացուցիչ ստվերային հարկային եկամուտներ են վերականգնվել։

«Բայց պետք է գիտակցենք, որ սա եղել է այնպիսի դրական տնտեսական միջավայրում, որտեղ, ի լրումն ՊԵԿ ստվերի դեմ պայքարի ջանքերին, ազդել են նաև բարձր տնտեսական աճը և անկանխիկ գործառնությունների դերի ավելացմանն ուղղված ՀՀ կառավարության միջոցառումները և ջանքերը»,- ընդգծել է Էդուարդ Հակոբյանը։

Ստուգումների, ուսումնասիրությունների, վերլուծական գործիքների, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախորդ տարվա համեմատ՝ շուրջ 50 միլիարդ դրամի ավելացում է արձանագրվել։

Մաքսանենգության դեմ պայքարի արդյունավետության մասին է փաստում նաև նախորդ տարվա ընթացքում մաքսանենգության դեպքերի բացահայտումների դինամիկան․ 2024-ին բացահայտվել է մաքսանենգության 400 դեպք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում