Իրաքի հետախուզական ծառայություններն օգնել են ԱՄՆ-ին ԻՊ-ի առաջնորդի ոչնչացման գործում
Իրաքի հետախուզական ծառայություններն աջակցել են Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիային՝ ոչնչացնելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Կուրեյշին, որը հայտնի է նաև որպես Աբու Աբդուլլահ Քարդաշ, որը թաքնվում էր Սիրիայի հյուսիս-արևմուտքում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի օրը Twitter-ի իր էջում հայտնել է Իրաքի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր հրամանատարի մամուլի քարտուղար Յահյա Ռասուլը։
Հինգշաբթի օրը Սպիտակ տան մամուլի ծառայությունը հրապարակեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գրավոր հայտարարությունը, որում ասվում է, որ ԱՄՆ զինված ուժերը հաջող հակաահաբեկչական գործողություն են իրականացրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում, որի արդյունքում սպանվել է ԴԱԻՇ-ի առաջնորդ ալ-Քուրեյշին։ ԱՄՆ հետախուզական ծառայությունների տվյալներով՝ գրոհայինը ղեկավարել է խմբավորումը 2019 թվականի հոկտեմբերին Սիրիայի տարածքում ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի ոչնչացումից հետո։ Ալ-Քուրեյշին թաքնվում էր տարբեր անուններով և հայտնի էր, մասնավորապես, Հաջի Աբդալա, Աբու Աբդուլլահ Քարդաշ և Ամիր Մուհամմադ Սաիդ անուններով:
Ըստ AP գործակալության աղբյուրների՝ հինգշաբթի գիշերը Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի հետ սահմանի մոտ իրականացված գործողության ընթացքում զոհվել է առնվազն 13 մարդ։ Նրանց թվում են վեց երեխա և չորս կին։
Իր հերթին ԱՄՆ վարչակազմը հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում խոստովանել է, որ երեխաներ են սպանվել ալ-Քուրեյշիի լիկվիդացման ժամանակ։ Վաշինգտոնը կարծում է, որ դրա պատասխանատուները գրոհայիններն են։ Ամերիկյան վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ գործողության ընթացքում հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է ԴԱԻՇ-ի առաջնորդը և մի քանի մարդ, այդ թվում՝ նրա կինը և երեխաները։ ԱՄՆ իշխանությունները դեռ հստակ չգիտեն, թե որքան է զոհերի թիվը։
Կարծիքներ