Օձունի համայնքապետին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Լոռու մարզպետարանում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնությամբ, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով։ Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Նա նշեց, որ հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ 

«Քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն»,- հավելեց Խաչատրյանը:

Ավելի վաղ, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին էր  դիմել «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը և տեղեկացրել, որ Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին իր մոտ է կանչել մարզպետը և ներկայացրել հրաժարականի դիմում գրելու անօրինական պահանջ:  Ըստ Արմեն Գևորգյանի` Օձուն համայնքի ղեկավարը հրաժարվել է կատարել Լոռու մարզպետի պահանջը, որից հետո պահանջը չկատարելու համար մարզպետարանի շենքում, 7-8 մարդու ներկայությամբ, նրան ծեծի են ենթարկել:

«Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավարը նշել է, որ իր համոզմամբ` Օձունի համայնքապետին ներկայացված հրաժարականի պահանջն ակնհայտ անօրինական է և ուղեկցվել է մարզպետի սպառնալիքով: Ըստ Ա.Գևորգյանի` մարզպետարանի շենքում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկելն ուղիղ կապված է խորհրդարանական արտահերթ ընտրություններում նրա կողմից իրենց դաշինքին սատարելու հետ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բողոքից անմիջապես հետո արագ արձագանքմամբ կապվել է Օձուն համայնքի ղեկավարի հետ, որը նշել է, որ հանցագործության մասին հաղորդում է տալիս Ոստիկանությունում:

 

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում